«Պիտի փորձենք Հունգարիային բերել դաշնակցի դաշտ այն առումով, որ խախտվել է Ադրբեջանի խոստումը Հունգարիային». Ալեքսանդր Արզումանյան
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատգամ ունի հղելու Միջազգային հանրությանը. դա այն է, որ Ռամիլ Սաֆարովի արտահաձնման հարցում կա մեկ միասնական տեսակետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Խմբակցությունների միջեւ շփումների միջոցով պիտի փորձենք Հունգարիային բերել դաշնակցի դաշտ` այն առումով, որ խախտվել է Ադրբեջանի խոստումը Հունգարիային, եւ Հունգարիան հայտնվել է դժվար իրավիճակում»,- նշեց Արզումանյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ խնդրի տարածաշրջանային չափմանը: Նա կարծիք հայտնեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակում նոր «ճաքեր» են առաջացել, իսկ Սաֆարովի արտահանձնման դեպքից հետո ավելացել է անորոշությունը: Ֆարմանյանը նշված քայլը գնահատեց իբրեւ «պատերազմական ակտ` ուղղված ՀՀ ու Արցախի իշխանությանը»:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ կարիք չկա «մութ սենյակում կատու փնտրելու», մանավանդ եթե այդ կատուն հարեւան պետության ուսերին է: «Սա մեծ հարված է համամարդկային արժեքներին: Տեղի է ունեցել մութ գործարք. պարզապես կուզեի հիշեցնել, որ դեռեւս 20-րդ դարի 30-ական թթ.-ին որոշ երկրներ նույնպես գնացին նման գաղտնի գործարքների Գերմանիայի առաջնորդ Հիտլերի հետ, տեսանք, թե դրանք ինչի հանգեցրին»,- նշեց Շարմազանովը: Նրա համոզմամբ` այս իմաստով պետք է խիստ դատապարտող հայտարարություններ լինեն այն կառույցների կողմից, որոնց անդամակցում է Հունգարիան: ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի անդամ երկիր, վարում է ռասիզմի ու ֆաշիզմի քաղաքականություն:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը միջազգային հանրության կողմից հնչեցված գնահատականներից օբյեկտիվ համարեց միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայինը, ով «իրերը կոչեց իրենց անուններով»: Անդրադառնալով Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնմանը` Գեղամյանը նշեց, որ խնդիրը Հայաստանի Հանրապետության մեջ չէ. «ՀՀ դիվանագիտությունը շատ կոռեկտ եւ գրագետ է իրեն դրսեւորել»: Նա կարեւոր համարեց հայտարարության մեջ առանձին կետով նշել, որ ԱԺ -ն հավանության է արժանացնում վերջին օրերին ՀՀ Նախագահի հնչեցրած բոլոր քաղաքական գնահատականները:
ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը մեկնարկեց սեպտեմբերի 5-ին: Օրակարգում ընդգրկված է «Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունման հարցը:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին` Բուդապեշտում, քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան, որտեղ ոճրագործն իր պատիժն էր կրում, արտահանձնել է Ադրբեջանին: Մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ մայորի կոչում ստացել: Հայաստանը որոշում է կայացրել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Այդ մասին տեղեկացվել է նաեւ Հունգարիայի ԱԳՆ-ն: Արդեն իսկ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություններ, քաղաքական ուժեր եւ գործիչներ: