ՄԱԿ-ի նոր բանագնացը խոստացել է սիրիական ազգին վերադարձնել խաղաղություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նշել է, որ Սիրիայի ապագան սիրիական ազգի ձեռքերում է: Նա նաեւ ավելացրել է, որ միջազգային հանրության աջակցությունը չափազանց կարեւոր է, եւ աջակցությունն ավելի մեծ ազդեցություն կթողնի, եթե բոլորը շարժվեն մեկ ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իբրահիմին տեղեկացրել է, որ մոտ ապագայում կմեկնի Կահիրե ԱԵԼ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկելու Սիրիայի իրավճակի վերաբերյալ հարցեր: Նա նաեւ խոստացել է ջանք չխնայել սիրիական ազգին խաղաղություն վերադարձնելու համար:
Իր հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին հայտարարել է, որ Քոֆի Անանի հրաժարականից հետո չպետք է անտեսել նրա ծրագրի 6 կետերը: Ապա նա կոչ է արել միջազգային հանրությանը` քաղաքական երկխոսությունից հրաժարվող կողմին հորդորել մասնակցել երկխոսությանը, ինչպես նաեւ ձեռք մեկնել Իբրահիմին Սիրիայի ճգնաժամը լուծելու հարցում:
Սիրիայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը` քննադատելով Բաշար Ասադի վարած քաղաքականությւոնը, ապա ավելացրել է, որ Ասադն իր երկիրը դարձնում է ահաբեկչական պետություն: