Տարածաշրջանային

Ադրբեջանում Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքն ակտիվացել է նրա որդու իշխանության տարիներին. «Ազատություն» ռադիոկայան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքն ակտիվացել է նրա որդու իշխանության տարիներին. «Ազատություն» ռադիոկայան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Դիանա Կյուկանն, անդրադառնալով Ադրբեջանում Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքի թեմային, գրում է, որ Հեյդար Ալիեւին Ադրբեջանում կուռք դարձնելու գործողություններն ակտիվացել են նրա որդու` Իլհամ Ալիեւի իշխանության տարիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածագիրն ընդգծում է, որ Ադրբեջանի նախկին նախագահի անձի պաշտամունքը հասել է այնպիսի մասշտաբների, որ թանգարաններում որպես ցուցանմուշներ են ներկայացվում անգամ նրա կողմից օգտագործված «ժապավենները, մկրատները, սկուտեղները»:

«Ադրբեջանում ամենուրեք կառուցվում են Հեյդար Ալիեւին նվիրված թանգարաններ եւ դրվում նրա հուշարձանները: Դրանք ուղղված են նրա անձի պաշտամունքին, եւ այդ մասշտաբային աշխատանքներն սկսվել են 2003 թ-ին նրա որդու` Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո: Բաքուն սկսվում է Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանից, շարունակվում է դեպի քաղաք տանող նրա անվան մայրուղով, որի ամբողջ երկայնքով ուղեկցում են «համազգային առաջնորդի» դիմանկարով գովազդային վահանակները: Քաղաքի կենտրոնում Հեյդար Ալիեւի անվան մշակութային կենտրոնն է: Ամբողջ Ադրբեջանում արդեն 50-ից ավելի Հեյդար Ալիեւի թանգարաններ են գործում», -գրում է հեղինակը:

Նշվում է, որ Հեյդար Ալիեւի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ ՍՍՀՄ նախկին սպայի գովքին նվիրված երեք մասից բաղկացած ֆիլմ է նկարահանվում: «Ռուսաստանցի, ուկրաինացի եւ վրաստանցի ռեժիսորներից բաղկացած խումբը ֆիլմի նկարահանումները կատարում է Մոսկվայում, Ռիգայում, Ուկրաինայում եւ Սանկտ Պետերբուրգում: Չնայած ՍՍՀՄ ժամանակաշրջանում Հեյդար Ալիեւը բարձր պաշտոններ է զբաղեցրել, խորհրդային միության վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նրան հեռացրել է բոլոր պաշտոններից: Նախիջեւանում Հեյդար Ալիեւին հաջողվել է կարճ ժամանակ հետո ընտրվել ինքնավար հանրապետության ղեկավար: Հեյդար Ալիեւը ջերմ հարաբերություններ է ունեցել ՍՍՀՄ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի հետ: Ադրբեջան կատարած այցին Ալիեւը թանկարժեք նվերներ է արել Բրեժնեւին», -գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում