«Հայ-ուկրաինական հարաբերություններն աստիճանաբար դառնում են ավելի ամուր». Իվան Կուխտա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան կարևորում է հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա մակարդակը և հեռանկարային համարում դրանք:
«Հայ-ուկրաինական հարաբերությունները սկիզբ են առել դեռ 11-րդ դարում: Այսօր միջպետական հարաբերություններն ակտիվանում են, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով եղել է Ուկրաինայում, անցկացվել են երկու երկրներին նվիրված օրեր: Մենք ցանկանում ենք ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները` հատկապես հումանիտար-մշակութային համագործակցությունը: Հայ-ուկրաինական հարաբերություններն աստիճանաբար դառնում են ավելի ամուր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իվան Կուխտան՝ միաժամանակ իր երախտագիտությունը հայտնելով Հայաստանում Ուկրաինայի մեծ զավակի` Տ. Շևչենկոյի անվան անունով դպրոցի առկայության համար:
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, ձևավորված ավանդույթի համաձայն, ուսումնական տարվա մեկնարկին ներկա է գտնվել Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում կազմակերպված միջոցառմանը, շնորհավորել տոնի առթիվ: Դպրոցի աշակերտուհիները Կուխտային են նվիրել գեղեցիկ ուկրաինական երգ:
Երևանի թիվ 42 ավագ դպրոցը հիմնադրվել է 1943 թվականին: Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության` դպրոցն անվանակոչվել է ուկրաինական արդի գրականության և ժամանակակից ուկրաիներենի հիմնադիր, բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի անվամբ: 2013-ին դպրոցը մեծ շուքով նշելու է իր հիմնադրման 70-ամյակը: