Հասարակական

Հայաստանում նախատեսվում է Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչություն բացել

3 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչություն բացել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական Վիկի հանրությունը և «ԱրմենՏել» ընկերությունը Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսի անցկացման մասին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին«ԱրմենՏել» ընեկրությունից, միջոցառմանը, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 8-ից 9-ը, կմասնակցեն Համաշխարհային Վիկիմեդիա Հիմնադրամի, ինչպես մաև Վրաստանի, Ռուսաստանի և Հունգարիայի Վիկիմեդիաների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն Վիկիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, տեղական մակարդակում «Վիկի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջոցառման մասնակիցները կքննարկեն ազատ տեղեկատվության և ծրագրային ապահովման տարածման, հեղինակային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխարհի խոշորագույն էլեկտրոնային հանրագիտարանի գիտելիքների հայալեզու բազայի ավելացման և դրա զարգացման գործում հայ երիտասարդների ներգրավման խնդիրները:

Միջոցառմանը մասնակցելու համար հայտ է ներկայացրել ինտերնետ-հանրության ավելի քան 200 ներկայացուցիչ: Նրանց թվում են գիտնականներ, հայկական և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագռգիր այլ անձիք:

«Հաճելի է, որ հենց «ԱրմենՏել» ընկերությունն է հովանավորում Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսը, որտեղ այլ հարցերի թվում կքննարկվեն Վիկիպեդիայի հայալեզու բովանդակության զարգացմանը վերաբերող շատ կարևոր հարցեր: Մասնավորապես, կքննարկվի Հայաստանի վերաբերյալ գիտելիքների ազգային բազայի զարգացման և ընդլայնման գործում հայ երիտասարդների ներգրավումը: Այսօր դժվար է գերագնահատել Վիկիպեդիայի նշանակությունը տեղեկատվություն ստանալու հարցում, և այս գործիքը պետք է կիրառել Հայաստանը, նրա մշակույթը, ավանդույթներն ու հարուստ ազգային բովանդակությունը աշխարհին ներկայացնելու համար», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Վիկի-կոնֆերանսի շրջանակում կքննարկվի նաև Հայաստանում Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչությունը բացելու հարցը: 2012թ. օգոստոսի դրությամբ Վիկիմեդիա տեղական հիմնադրամները գործում են 50 երկրում, ավելի քան 30 երկիր բանակցում են տեղական ներկայացուցչություններ բացելու հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում