Սերգո Կարապետյանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է քառօրյա պաշտոնական այցով Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաույեսի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված Իրաքի գյուղատնտեսության նախարար Իզ ադ- Դին Աբդ Ալլահ Հուսայինին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, ուստի կողմերն անդրադարձել են երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքին ու բարեկամությանը: Նախարարները նշել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ բնագավառն ունի երկկողմ համագործակցության ընդլայման մեծ ներուժ և անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել առկա հնարավորությունները և անցնել կոնկրետ, գործնական քայլերի:
Հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարաը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջարկել Հայաստանից Իրաք արտահանել թարմ պտուղ-բաջարեղեն, կատոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ: Իրաքյան կողմի ցանկության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է նաև առաջարկել կենդանի ոչխարների, բրդի, ձկնեղենի արտահանում:
Իրաքի նախարար ադ Հուսայինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր շուկաներ և, որ ամենից կարևորն է, հեռավորության տեսակետից երկրներն ունեն, բավականին շահեկան դիրք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի խնդրանքով նախարար ադ Հուսայինը ներկայացրել է Իրաքի ներկայիս գյուղատնտեսության վիճակը և փաստել, որ երկարատև պատերազմներից հետո իրենց տնտեսությունը, մասնավորապես գյուղատնտեսությունը, բավականին թուլացել է և այն վերականգնելու համար պահանջվում են մեծ ջանքեր: Նշվել է նաև, որ Իրաքը գյուղատնտեսության համար ունի լավ պայմաններ և, անհրաժեշտ է համախմբելով ողջ ուժերը` վերականգնել տնտեսության համար այդ կարևոր ճյուղը:
«Երկրում վերականգնվում են ոռոգման համակարգերը, կառուցվում են նոր գյուղական բնակավայրեր, գյուղացիներին տրվում են արտոնություններ հողերի վարձակալման, ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն»,- նշել է ադ Հուսայինը:
Իրաքի նախարարը տեղեկացրել է, որ երկրի կառավորությունը որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և հնարավոր համարել այս ուղղությամբ համագործակցել և ուսումնասիրել Հայաստանի փորձը:
Նախարար Սերգո Կարապետյանը համակարծիք լինելով իր գործընկերոջ հետ գյուղատնտեսության արդիականացման հարցում` պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել իրաքյան կողմին փորձի փոխնակամ, մասնագետների վերապատրաստման, ուսուցման հարցերում:
Նախարար Կարապետյանն առաջարկել է նաև քննարկել երկու երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայանագիր ստորագրելու նպատակահարմարության հարցը, ինչը կնպաստի համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելուն և արդյունավետ դարձնելուն: Նախարարը նշեց, որ իրաքյան կողմի սկզբունքային համաձայնության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կմշակի նշված համաձայնագրի նախագիծ` հետագայում երկկողմ շահագրգիռ քննարկումների ներկայացնելու նպատակով:
Իրաքի գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջարկը` համատեղ համաձայնագրի պատրաստման և ստորագրման հարցում: