3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը լուրջ վնաս կհասցնի իշխանությանն ու ժողովրդին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ադրբեջանական gafgazinfo.az լրատվական կայքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ադրբեջանական օրենսդրությամբ Սաֆարովի պատժաչափը կարող էր վերանայվել միայն 30 տարի հետո, իսկ նրան ներում շնորհելն ու ազատ արձակելը` «քաղաքական որոշում եւ կամայականություն» է:
«Եթե իշխանություններն այդքան հեշտությամբ կարող են ներում շնորհել Սաֆարովի նման ցմահ բանտարկյալներին, ապա ինչո՞ւ դա չեն անում ադրբեջանական բանտերում գտնվող ավելի թեթեւ պատիժ կրող մյուս բանտարկյալների նկատմամբ: Նշանակում է` Սաֆարովի ազատ արձակումը զուտ քաղաքական որոշում է եւ ծառայում է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը: Ստացվում է, որ այս ժողովուրդն իրական հերոսների կարիք չունի: Մեզ այս ամոթալի վիճակին հասցրել են այնպիսի հերոսներ, ինչպիսիք Քոռօղլուն եւ Ղաչաղ Նաբին են: Ինչպե՞ս կարելի է հերոս հռչակել նրան, ով գիշերը սպանել է քնած մարդուն: Իսկական զոհված հերոսները հնարավորություն չունեն ծառայելու իշխանությանը, իսկ կենդանի Սաֆարովը` ունի: Սա այն իշխանությունն է, որի` կնոջ նկատմամբ մեծ հարգանք տածող ժողովրդի 6000 դուստրեր Դուբայում մարմնավաճառությամբ են զբաղվում: Սաֆարովի ազատումը ծառայում է միմիայն Իլհամ Ալիեւին, ով պատրաստվում է 2013 թ. նախագահի ընտրություններին: Նման մտածելակերպով ադրեջանցիները երբեք չեն կարող ժողովուրդ եւ պետություն դառնալ: Եթե դու կարծում ես, որ գիշերը քնած մարդու սպանությունը հերոսություն է, ապա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զավակներից ոչ մեկը զենք չի վերցնի եւ չի գնա կռվելու, քանի որ նա գտնում է, որ հերոսությունը գիշերը քնած մարդուն սպանելն է: Ադրբեջանական ժողովուրդը բառիս բուն իմաստով հայտնվել է խայտառակ վիճակում: Աշխարհում շատ լուրջ բացասական կարծիք է ձեւավորվում Ադրբեջանի նկատմամբ եւ ճնշումները Բաքվի վրա անխուսափելի են: Այնպես որ, Սաֆարովի ազատումից ոչ ինքը, ոչ ժողովուրդը, ոչ էլ պետությունը չեն շահելու. նրանք միայն կորուստներ են ունենալու», -ընդգծել է ադրբեջանցի կուսակցապետը: