2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ի մեկնաբան Քրիստիան Ամանփուրի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ դժգոհություն է հայտնել Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում ԱՄՆ-ի կողմից «նախաձեռնություն» չլինելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Էրդողանը դժգոհել է, որ Վաշինգտոնը չի աջակցել Թուրքիայի օդային տարածքը դեպի Սիրիա թռիչքների համար փակ հայտարարելու մասին Անկարայի կոչին: «Ներկա պահին Անկարան ԱՄՆ-ից շատ բան է սպասում, բայց Վաշինգտոնն այս սպասումները չի արդարացնում: Սիրիացի ընդդիմադիրներին` բարոյական օգնությունից եւ Սիրիայի ղեկավարությունից դժգոհություն հայտնելուց բացի, այլ տեսակի օգնություն ԱՄՆ-ը չի կատարել», -ասել է Էրդողանը: Նրա խոսքով` Վաշինգտոնի այդ դիրքորոշումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ:
Իրանի միջուկային ծրագրին արած անդրադարձում Էրդողանն ասել է, որ այն սպառնալիք է ոչ միային Թուրքիայի, նաեւ ամբողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար: Էրդողանն ասել է, որ ինքը չի հավատում, որ Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա: «Դրա հավանականությունը շատ քիչ է: Հակառակ դեպքում` ամբողջ տարածաշրջանը կհայտնվի աղետի մեջ», -ընդգծել է նա: