Հասարակական

Հայաստանը միջազգային կառույցների հետ միգրացիայի վերահսկման մասին համագործակցության հուշագիր է ստորագրել

5 րոպեի ընթերցում

Հայաստանը միջազգային կառույցների հետ միգրացիայի վերահսկման մասին համագործակցության հուշագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը (ՄՄԿ) սեպտեմբերի 5-ինստորագրել են համագործակցության հուշագիր` «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի» և «Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի» շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման աջակցության վերաբերյալ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Համագործակցության նպատակն է աջակցել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1593-Ն որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների և գործողությունների իրականացմանը, ինչպես նաև սահմանված ժամկետներում ակնկալվող արդյունքների ապահովմանը, ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 30-ի թիվ 51 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգով սահմանված միջոցառումների իրականացմանը:

Այս փաստաթղթերը նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են` աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների գործունեության կարգավորում, միգրանտ աշխատավորների իրավունքների պաշտպանություն, ՄԱԿ-ի «Բոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունում, ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչպես նաև անկանոն միգրացիայի վտանգների և օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավ:

«Արդեն ավանդույթ դարձած` նախարարության և հասարակական ու միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունք է նաև այս հուշագրի ստորագրումը: Միգրացիայի ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է պահպանել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը և ավելի մեծ թափով ու արդյունավետ իրականացնել նախատեսված ծրագրերը: Կարևորում եմ մեր համագործակցությունը և ակնկալում եմ հիմնարար ու լիարժեք արդյունքներ»,- ընդգծել է իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ասատրյանը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացնում են ՄՄԿ-ի զարգացման հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ՄՄԿ-ի «ՀՀ Կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռման գործում Տեխնիկական աջակցություն» և Եվրոպական միության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի և ՄՄԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրերը, որոնք աշխատանքային միգրացիան կարգավորող օրենսդրություն մշակելու գործում հնարավորություն կընձեռեն տեխնիկական աջակցություն տրամադրել ՀՀ կառավարությանը:

«Մենք երկար տարիներ սերտ համագործակցում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության հետ և պատրաստ ենք այս հուշագրի շրջանակներում աշխատանքային միգրացիայի շրջանառու սխեմաների մշակման գործում, ինչպես նաև այլընտրանքային միջոցների, մասնավորապես օտար պետություններում օրինական կարգավիճակով ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ աշխատանքի տեղավորման հնարավորությունների հարցում տրամադրել համապատասխան աջակցություն»,- նշել է իր խոսքում ՄՄկ-ի Հայաստանի առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը:

Հուշագրով սահմանված գործողությունների իրականացման համար կստեղծվի համակարգող հանձնաժողով` շահագրգիռ կողմերի և շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև կձևավորվի աշխատանքային խումբ` փորձագետների ներգրավմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում