Քաղաքականություն

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան պահանջում է Սաֆարովին հետ ուղարկել պատիժը կրելու

4 րոպեի ընթերցում

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան պահանջում է Սաֆարովին հետ ուղարկել պատիժը կրելու

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Հունգարիայի իշխանությունից պահանջում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հետ ուղարկել պատիժը կրելու: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, այս մասին գրավոր հարցեր են ուղղվել Հոլանդիայի արտգործնախարար Ռոզենթալին:

Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան դիմել է Հոլանդիայի կառավարությանը և խորհրդարանին խնդրելով դատապարտել Հունգարիայի որոշումը Ադրբեջանին արտահանձնելու ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Սաֆարովին: Միաժամանակ, ընդառաջելով այս դիմումին, Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ժոել Վորդեվինդը գրավոր հարցեր է ներկայացրել Հոլանդիայի արտգործնախարար պարոն Յուրի Ռոզենթալին, այս խնդրի վերաբերյալ:

2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նա Հունգարիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման: Հունգարիայի Արտահանձնումից հետո Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի և նրան ներում շնորհվեց նախագահական հրամանագրով: Նրան շնորհվեց նաև մայորի կոչում, ստացավ նոր բնակարան և հունգարական բանտում անցկացրած ութ տարվա կուտակված աշխատավարձը:

Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը բացահայտորեն վստահեցրել էր, որ արտահանձնումից հետո Սաֆարովն իր պատիժը կշարունակի կրել իր երկրում: Հայաստանը համոզված է, որ այս հայտարարությունն անկեղծ չէ և կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հոլանդահայությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Հունգարիան Ադրբեջանին է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին:

Հոլանդահայ Ֆեդերացիան դատապարտում է թե Հունգարիայի ատահանձման արարաքը և թե Ադրբեջանի կողմից ոճրագործին ներում շնորհելը: Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և բորբոքում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը:

Հոլանդահայ Ֆեդերացիան կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովը դեռ իր պատիժը կրի: Սա միակ ճանապարհն է կասեցնելու լարվածության ուժեղացումը:

Հոլանդահայ Ֆեդերացիան այն կարծիքին է, որ մարդասպանի մեծարումը Ադրբեջանի կողմից հանդիսանում է անպատասխանատու սադրանք, իր մեջ պարունակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման վտանգը: Երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են անբարենպաստ պայմաններում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով: Սահմանային գոտում հաճախ խախտվում է զինադադարը:

Հոլանդահայ Ֆեդերացիան դիմում է Հոլանդիայի կառավարությանը, որպեսզի թե երկկողմանի և թե ԵՄ հարաբերությունների շրջանակում դատապարտել Հունգարիայի ձեռնարկած արտահանձնումը, ինչպես նաև Սաֆարովի մեծարումն Ադրբեջանում, և հետևողականորեն պնդել, որ Սաֆարովը պետք է շարունակի կրել իր պատիժը, ուր էլ որ լինի, գերադասաբար միջազգային վերահսկողության ներքո: Հոլանդահայ Ֆեդերացիան դիմել է նաև Հոլանդիայի արտգործնախարար Ռոզենթալին խնդրելով ամեն բան անել կանխելու հակամարտության հետագա սրումը»:

Սեպտեմբերի 6-ին տեղի կունենա բողոքի ցույց Հաագայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց, արտահայտելու դժգոհություն այս գործարքի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում