Գիտնականները հողմացրիվ են արել նավթի ու գազի արկտիկական պաշարների մասին առասպելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի ու գազի արկտիկական պաշարները կարող են նվազ նշանակալի դեր խաղալ Էներգառեսուրսների համաշխարհային պահանջմունքների բավարարման հարցում, քան սպասվում Է: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», հղում անելով «Ֆրանսպրես»-ին, ասված Է Կլիմայի եւ շրջակա միջավայրի միջազգային հետազոտությունների կենտրոնի (CICERO) եւ Նորվեգիայի վիճակագրական վարչության համատեղ ուսումնասիրության մեջ:

CICERO-ի փորձագետների եւ Նորվեգիայի վիճակագիրների կարծիքով՝ Էներգառեսուրսների համաշխարհային արտադրության մեջ արկտիկական նավթի ու գազի բաժինը կսկսի նվազել մինչեւ 2050 թվականը՝ կապված արդյունահանման չափազանց մեծ ծախսերի հետ: Հետազոտողները նշում են, որ արկտիկական տարածաշրջանում նավթի արդյունահանումը մատնանշված ժամանակաշրջանում բացարձակ արտահայտությամբ կկրկնապատկվի, բայց հումքի համաշխարհային արտադրության մեջ դրա բաժինը 2010 թվականի 10 տոկոսից 2050 թվականին կկրճատվի մինչեւ 8 տոկոս:

Արկտիկական գազի բաժինը նույնպես կնվազի՝ 27 տոկոսից մինչեւ 22 տոկոս: Բացարձակ արտահայտությամբ Արկտիկայում արդյունահանվող վառելիքի ծավալները կկրճատվեն մինչեւ 2030 թվականը, իսկ այնուհետեւ, ինչպես սպասվում Է, վերստին կսկսեն աճել:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ Արկտիկայում կարող են գտնվել նավթի չհետախուզված համաշխարհային պաշարների մինչեւ 13 տոկոսը եւ գազի պաշարների 30 տոկոսը:

Հայերեն