Արգենտինահայերը բողոքի ցույցով արդարություն են պահանջել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերը շարունակում են իրենց բողոքի ձայնը հնչեցնել` Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Բաքվում նրան ներում շնորհելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջին, այս անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Ցուցարարները փողոց են դուրս եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշներով, Գուրգեն Մարգարյանի նկարներով, տարբեր ցուցանակներով, որոնց վրա արած գրություններով դատապարտել են Ադրբեջանի կատարած հերթական հակամարդկային քայլը: Բողոքի ակցիայի մասնակիցները բարձրացրել են տարբեր պաստառներ «Մարդասպան Սաֆարով», «Հանցագործ», «Հունգարիա, ներողություն խնդրի» գրություններով, ինչպես նաև իրենց առջևում պահել են մեծ պաստառ` «Ղարաբաղը և Հայաստանը» գրությամբ:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: