3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան պահպանել Է առաջին տեղը գլոբալ մրցունակության վարկանիշում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, վկայում Է սեպտեմբերի 5-ին հրապարակված «Գլոբալ մրցունակություն-2012-2013» զեկույցը, որը պատրաստել են Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՄՀ) փորձագետները:
Փաստաթղթի հիմքում, որն ամեն տարի ՀՄՀ-ի վերլուծաբանները պատրաստում են առաջատար հետազոտական ինստիտուտների հետ համատեղ, ընկած Է հանրամատչելի տվյալների եւ զեկույցում հիշատակված 144 պետություններում գործող ընկերությունների 14 հազար ղեկավարների հարցման արդյունքների մշակումը, այսինքն՝ յուրաքանչյուր երկրի առումով հաշվի են առնված մոտավորապես հարյուր գործարարների կարծիքները:
Ինչպես նշվում Է հետազոտության մեջ, Շվեյցարիան կարողացել Է չորրորդ տարին անընդմեջ վարկանիշում առաջին տեղը պահպանել շնորհիվ «ինովացիաների եւ արդյունավետ աշխատաշուկայի», ինչպես նաեւ մասնավոր ինստիտուտների արդյունավետության: Բացի այդ, ընդգծվում Է, որ «Շվեյցարիայի պետական ինստիտուտներն ամենաարդյունավետներից ու թափանցիկներից մեկն են աշխարհում (հինգերորդ տեղ)»:
Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են Սինգապուրը եւ Ֆինլանդիան: Չորրորդ տեղն զբաղեցրել Է Շվեդիան, որն անցյալ տարվա համեմատ զիջել Է մեկ դիրք: Հինգերորդ եւ վեցերորդ հորիզոնականներում հաստատվել են Նիդեռլանդները եւ Գերմանիան, որոնք առաջ են անցել Միացյալ Նահանգներից, որի անկումը շարունակվում Է: Եթե 2009 թվականի զեկույցում ԱՄՆ-ն առաջին տեղը զիջեց Շվեյցարիային, ապա այժմ հայտնվել Է յոթերորդ դիրքում:
Ցուցակի առաջին տասնյակում տեղ են գրավել նաեւ Մեծ Բրիտանիան, Հոնկոնգը եւ Ճապոնիան: Ռուսաստանն անցյալ տարվա համեմատ կորցրել Է մեկ դիրք եւ այժմ 67-րդ հորիզոնականում Է: ԱՊՀ-ի անդամ երկրներից Ղազախստանն զբաղեցրել Է 21-րդ տեղը, Ուկրաինան՝ 73-րդ, Հայաստանը՝ 82-րդ, Մոլդովան՝ 87-րդ, Տաջիկստանը՝ 100-րդ, Ղրղզստանը՝ 127-րդ: Նախկին Խորհրդային Միության երկրների թվում, որոնք չեն մտնում ԱՊՀ-ի մեջ, Էստոնիան գրավել Է 34-րդ, Լիտվան՝ 45-րդ, Լատվիան՝ 55-րդ, Վրաստանը՝ 77-րդ տեղը:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել մեծ թվով գործոններ՝ ընդհանուր առմամբ 113 ինդիկատորներ, որոնք ազդում են բիզնես կլիմայի վրա: