Հասարակական

Սիրիահայերից շատերն արդեն վերադարձել են Սիրիա

3 րոպեի ընթերցում

Սիրիահայերից շատերն արդեն վերադարձել են Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ գտնվում է 1700 սիրիահայ:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, տարեսկզբից մինչ օրս Հայաստան է եկել մոտ 5000 սիրիահայ, որոնցից 3500-ն արդեն վերադարձել է Սիրիա:«Առաջիկայում եւս վերադարձողներ կլինեն: Այս մասին է վկայում նաեւ այն, որ սեպտեմբերի Երեւան-Հալեպ չվերթի բոլոր տոմսերն արդեն վաճառված են»,-ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ Հայաստանում դեռ լուծված չեն սիրիահայ դպրոցական երեխաների կրթության հարցերը, բուհերում սովորող ուսանողների վարձավճարի հետ կապված խնդիրներ եւս կան:«Սիրիահայ երեխաներին արդեն տեղավորել են տարբեր դպրոցներում, սակայն նրանց ծնողները հարց են բարձրացրել, որ իրենց երեխաները սովորեն սիրիական ծրագրով, որովհետեւ նրանց մեծ մասը ապագայում նպատակ ունեն վերադառնալու»,-ասաց նա: Սիրիական ծրագրով ուսումը շարունակելու նպատակով արդեն աշխատանքներ են տարվում:Սիրիահայերի համար հրատապ խնդիրներից Զաքարյանն առանձնացնում է նաեւ աշխատանքի տեղավորման հարցը:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ երեք սիրիահայեր Հայաստանում արդեն սկսել են գործարարությամբ զբաղվել:«Երեքի սկսած բիզնեսն էլ այժմ հիմնադրման փուլում է: Հոսքը շարունակվում եւ մեզ մոտ գալիս են արդեն նոր մտքերով»,-ասաց նա:Մակարյանը սիրիահայերի Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հիմնական խնդիրներից առանձնացնում է հոգեբանական վախը:«Սիրիահայերը հոգեբանական ներքին վախ ունեն: Նրանք նաեւ վստահ չեն` մարզերում սկսեն իրենց բիզնեսը, թե մայրաքաղաքում: Մենք ամեն ձեւով օժանդակում ենք նրանց»,-ասաց նա:

Սիրիայում իշխանության եւ ընդդիմադիրների միջեւ բախումները սկսվել են 2011 թվականի մարտ ամսից: Բախումների հետեւանքով զոհվել է շուրջ քսան հազար մարդ, այդ թվում` տասնյակից ավելի հայեր:Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով նաեւ մեծ թվով սիրիահայեր լքեցին երկիրը: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում