Իրանն ազատ է արձակել ադրբեջանցի «բանաստեղծներին»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ ադրբեջանցի «բանաստեղծներ» Ֆարիդ Հուսեինը եւ Շահրիյար Հաջիզադեն ազատ են աձարկվել եւ երեքշաբթի օրը փոխանցվել են Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: : Ադրբեջանցի երկու «բանաստեղծները», ովքեր մայիսի 2-ին ձերբակալվել էին Իրանում, մեղադրվում էին Իրանի դեմ լրտեսություն իրագործելու մեջ:
Նշվում է, որ այսօր` սեպտեմբերի 5-ին, ադրբեջանցի «բանաստեղծները» պետք է վերադառնան Բաքու: Իրանական կողմն ադրբեջանցի «բանաստեղծների» ձերբակալության հետ կապված ավելի վաղ հայտարարել էր, որ թեեւ նրանք հրավիրված են եղել գրական մի միջոցառմանը մասնակցելու համար, սակայն ոչ միայն չեն մասնակցել միջոցառմանը, այլեւ զբաղվել են օտար երկրների օգտին Իրանի դեմ լրտեսությամբ:
Ադրբեջանական avropa.info լրատվական կայքը հայտնել է, որ այդ իրադարձությունից անմիջապես հետո Բաքվում ազատ է արձակվել փետրվարին ձերբակալված իրանական «Սեհեր» հեռուստաալիքի ադրբեջանցի աշխատակից Անար Բայրամլըն, ում Ադրբեջանում մեղադրանքներ էր ներկայացվել Իրանի օգտին «քարոզչություն» կատարելու հիմնավորմամբ:
Հատկանշանական է, որ ադրբեջանցի «բանաստեղծներն» ազատ են արձակվել այսօր երեկոյան Իրանի փոխնախագահ Հասան Մուսավիի Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին: Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության համաձայն` Մուսավին սեպտեմբերի 6-7-ին պետք է մասնակցի Բաքվում անցկացվելիք «Մետաքսի ճանապարհի համը. խոհարարություն, մշակույթ եւ զբոսաշրջություն» միջազգային համաժողովին, որը կազմակերպել են Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը, Զբոսաշրշջության համաշխարհային կազմակերպությունը եւ Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիան:
Նույն աղբյուրի համաձայն` Մուսավին Բաքու կհասցնի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած նամակը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ իրանական կողմը քայլեր է ձեռնարկում վերջին շրջանում Ադրբեջանի հետ լարված հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: