Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնն է բարձրացրել Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջև
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնն է բարձրացրել Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջև` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաքվին անօրինական արտահանձման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ազատություն շնորհելու համար: Համայնքի կողմից բողոքի նամակ է հանձնվել Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հնդկաստանի Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգից, Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգև է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության և Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդկային արժանապատվությունը և մերժում է աստվածային օրենքը երկրի վրա»:
Նամակը հյուպատոսին հանձնելիս Հայր Խորենն իր խորը վրդովմունքն է հայտնել և ասել, որ եթե վերջինս այս անարդար արտահանձման դեմ ընդվզի և, ի նշան բողոքի, հրաժարական տա, ապա կդառնա իր հերոսը:
Լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը 2006 թվականին հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության` 30 տարի առանց ներման իրավունքի:
Ազերի մարդասպանը 2004 թվականին առանձնակի դաժանությամբ կացնով սպանեց հայկական բանակի սպա 26-ամյա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Նրանք երկուսն էլ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում էին Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին:
Դատավարությունը բացահայտեց, որ Գուրգեն Մարգարյանն առանձնակի դաժանությամբ սպանվել է միայն հայ լինելու պատճառով: Մարդասպանը խոստովանեց իր հանցանքը, բայց երբեք չզղջաց: