Եթե «Արմավիա»-ն չվերսկսի դեպի Սիրիա չվերթերը, ապա վստահաբար ՀՀ կառավարությունը կգտնի խնդրի այլ ելք. Ֆիրդուս Զաքարյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիական ավիաուղիներ»-ը շարունակում են Երևանից դեպի Հալեպ ավիաչվերթերի իրականացումը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, ավիաընկերությունը Հայաստանից Սիրիա չվերթերը դադարեցնելու վերաբերյալ ոչինչ երբևէ չի նշել և բնականոն կերպով շարունակում է իր գործունեությունը: «Սիրիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռն օգոստոսի 4-ին Երևանի ժամանակով ժամը 17.40–ին վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որպեսզի իրականացնի Երևան-Հալեպ թռիչքը:
«Արմավիա» ավիաընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է դեպի Սիրիա չվերթերը` անվտանգության նկատառումներով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարության սիրիահայերի խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ «Արմավիա»-ի հրաժարվելն անհիմն չէ, քանի որ Սիրիայի «Ազատ բանակ»-ն սպառնացել էր, որ քաղաքացիական ավիաօդանավերը կարող են հարձակումների ենթարկվել, և խորհուրդ չէր տվել միջազգային ավիափոխադրողներին սեպտեմբերի 4-ից չվերթեր իրականացնել դեպի Սիրիա:
Պատասխանելով հարցին, թե ինչպես են Հայաստանում գտնվող «Լուսաբաց» ճամբարի սիրիահայ 131 երեխաները մեկնելու Սիրիա` Զաքարյանը նշեց. «Կարծում եմ խնդիրը մոտակա երկու օրերի ընթացքւմ կկարգավորվի և թերեւս հենց «Արմավիա»-ի միջոցով երեխաները կմեկնեն Սիրիա: Եթե, այնուամենայնիվ, «Արմավիա»-ն հրաժարվի չվերթեր իրականացնելու, ապա վստահաբար ՀՀ կառավարությունը կգտնի խնդրի լուծումը»:
Սիրիայի «Ազատ բանակ»-ի ղեկավարությունը, որը հանդիսանում է ընդդիմության ռազմական հենարանը, հայտարարել էր, որ խորհուրդ չի տալիս միջազգային ավիափոխադրողներին չվերթեր իրականացնել Դամասկոս և Հալեպ` սկսած սեպտեմբերի 4-ից: «Դամասկոսի և Հալեպի քաղաքացիական օդանավակայանները կարող են Սիրիայի «Ազատ բանակ»-ի հարձակումներին ենթարկվել, քանի որ դրանք ռեժիմի կողմից օգտագործվում են ռազմական ավիացիայի համար` սիրիական զինված ապստամբների դեմ հարվածներ հասցնելու նպատակով»,- նշվել էր «Ազատ բանակ»-ի հայտարարության մեջ: