1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ի գիտնականներն աշխատում են ապագայի ինքնաթիռի ստեղծման վրա: Օդանավը, ինչպես սպասվում է, օժտված կլինի եզակի տեխնիկական բնութագրերով եւ, իհարկե, յուրօրինակ ձեւ կունենա: Արտաքուստ ինքնաթիռը նման է քառաթեւ աստղի: Մշակողների խոսքով` այն օդ է բարձրանալու սովորական ինքնաթիռի պես, իսկ մոտենալով ձայնի արագությանը, աերոդինամիկայի բարելավման համար թեքվելու է 90 աստիճանով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Որպեսզի այս խուսավարումը տեխնիկապես հնարավոր լինի, օդանավի հարթ իրանը կողքերից կհանդերձեն մի զույգ երկար եւ դրանց ուղղահայաց` մի զույգ կարճ թեւերով: Մեքենան, դրա հեղինակի մտահղացմամբ, կկարողանա զարգացնել ձայնի արագությունը կրկնակի գերազանցող արագություն: Բայց գլխավորն այն է, որ ինքնաթիռը կկարողանա գործնականում խուսափել այսպես կոչված ձայնային հարվածից: Օդանավի մշակման նախնական փուլում ՆԱՍԱ-ում արդեն հատկացրել են ավելի քան 100 միլիոն դոլար: