Ադրբեջանի իշխանությունը Սաֆարովի շուրջ իրադարձություններն օգտագործում են ներքաղաքական քարոզչության նպատակով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու եւ այնտեղ ներում շնորհելու առնչությամբմիջազգային հանրության լռությունը, օգոստոսի 31-ին հաջորդած իրադարձությունները պրովոկացիա են տարածաշրջանի անվտանգության հանդեպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, Ադրբեջանում կատարվելիք իրադարձությունները մտահոգիչ են տարածաշրջանի վրա ազդեցության առումով:
«Այն պետությունները, որոնք օգնեցին գլուխ բերելու այս գործարքը, միտում ունեին տարածաշրջանում մեծացնելու լարվածությունը եւ ստեղծելու մի իրավիճակ, որտեղից քաղելիք «օգուտները» մենք առաջիկայում կտեսնենք: Թուրքիան նույնպես կանգնած է այս լարվածությունների թիկունքում»,-ասաց նա:
Սաֆարյանի խոսքով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրենց այս քայլը օգտագործել ներքաղաքական քարոզչության եւ ադրբեջանական վարչախմբի հեղինակությունը բարձրացնելու նպատակով:
«Հայկական դիվանագիտությունը պետք է հասկանա, որ այս լարվածությունը երկարչի մնալու, չի էլ մոռացվելու, բայց մենք պետք է կարճ ժամանակահատվածում դնենք Ադրբեջանի չակերտյալ հաղթանակը պարտության վերածելու հիմքերը»,-ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը կարեւորեց միջազգային հանրության քայլերը, որոնք կարող են շրջել տեղի ունեցածը:
«Հայաստանը այս խնդիրը պետք է բարձրացնի ԵԽԽՎ-ում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, ԱՊՀ շրջանակներում եւ չբավավարվի լոկ հայտարարություններով»,-ասաց Սաֆարյանը:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն դասընթացներին: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանացավ: Այս իրադարձությունների արդյունքում Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մայորի կոչում տվեցին եւ հերոսացրին: