1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իգդիրում թուրք իրավապահ մարմինների իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է թուրք լրտես, ով Իրանին թուրքական զինուժի մասին տարատեսակ տեղեկություններ է հաղորդել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Միլլիեթ» պարբերականը:
Իգդիրի գլխավոր դատախազության իրականացրած հետաքննության արդյունքում հայտնաբերվել է դավաճանությունն ապացուցող տեսաերիզ: Տեսաերիզում պատկերված է, թե ինչպես է Թիմուր անունով թուրքը Աղրըի, Կարսի և Իգդիրի զինվորական կայազորների, ինչպես նաև Ազգային հետախուզական ծառայության մասին կարևոր տեղեկություններ է հայտնում իրանցի գործակալներին: Մանրամասնորեն ներկայացնելով իր տիրապետած տեղեկություններն ու լուսանկարները` Թիմուրը միաժամանակ խոստանում է նոր տեղեկություններ ունենալու դեպքում դրանց մասին նույնպես տեղյակ պահել:
Ներկայում թուրք լրտեսի նկատմամբ հարուցվել է դատական գործ, որն այժմ ընթացքի մեջ է: