2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը օգոստոսի 27-ինհանդիպել է Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի հետ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի սկզբին Իրաքի փոխվարչապետի` Հայաստան կատարելիք այցի հետ առընչվող հարցերը, ինչպես նաև երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտները: Շաուեյսը նշել է, որ ինքն ակնկալում է, որ իր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-իրաքյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նույն օրը դեսպան Մուրադյանը հանդիպում է ունեցել Իրաքի մյուս փոխվարչապետ Սալահ Ալ-Մութլաքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են Իրաքի և Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Իրաքի ներքաղաքան իրավիճակի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Դեսպան Մուրադյանի հաջորդ հանդիպումը կայացել է օգոստոսի 29-ին Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Լուբեյդ Աբաուիի հետ: Կողմերը քննարկել են Երևանում Իրաքի դեսպանության բացման և երկկողմ իրավապայմանագրային դաշտի ստեղծման հետ կապված խնդիրները:
Բարձր գնահատելով Իրաքում Հայաստանի դեսպանության բացումը` Աբաուին նշել է, որ ինքն անձամբ հետամուտ կլինի Երևանում Իրաքի դեսպանության բացման հարցի կապակցությամբ: