Տարածաշրջանային

Արեւմտյան PR գրասենյակները զբաղված են Ադրբեջանի հեղինակության լավացմամբ, մինչ այդ երկրում սահմանափակակվում է ազատությունը

3 րոպեի ընթերցում

Արեւմտյան PR գրասենյակները զբաղված են Ադրբեջանի հեղինակության լավացմամբ, մինչ այդ երկրում սահմանափակակվում է ազատությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արտասահմանում պետության հեղինակությունը լավացնելու համար, ինչին ներգրավում են արեւմտյան PR գործակալությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը` նշելով, որ դրա հետ միասին Ադրբեջանի իշխանությունները նախկինի պես շարունակում են դաժան վարվել իրենց քննադատող լրագրողների հետ: «Նրանք մտացածին մեղադրանքներով ձերբակալում են լրագրողներին եւ դատապարտում ազատազրկման` այն դեպքում, երբ ադրբեջանական կառավարությունը խոշոր գումարներ է ծախսում ժամանակակից եւ բաց երկրի հեղինակություն ստեղծելու համար: Մասնավորապես, Բաքուն ջանքեր է գործադրում իր հեղինակությունը Գերմանիայում լավացնելու համար, որտեղ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի ժամանակ ԶԼՄ-ները մանրամասնորեն հայտնել են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ մամուլի ազատությունը խախտվելու մասին: Այլ գրասենյակների հետ միասին այդ խնդրով զբաղվում է նաեւ Consultum Communications բեռլինյան PR գրասենյակը», -ասվում է «Լրագրողներն առանց սահմանների» կողմից արված հայտարարության մեջ:

Մայիսին Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012»-ից 100 օր անց Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հետաքրրությունն զգալիորեն նվազել է: Միջոցառումի ավարտից 5 օր հետո Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը հանրությանը կոչ է արել ատելություն արտահայտել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր արտասահմանյան ԶԼՄ-ներին տեղեկություններ են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:

«Լրագրողներն առանց սահմանների»-ն նշում է, որ հունիսի կեսից գործող օրենսդրական նորմերը զգալիորեն սահմանափակում են մամուլի ազատությունն Ադրբեջանում: Մասնավորապես, դրանք ադրբեջանական ընկերություններին թույլ են տալիս թաքցնել իրենց սեփականատերերի եւ բաժնետերերի մասին տեղեկությունները, իսկ Ադրբեջանի ղեկավարին եւ նրա տիկնոջը քրեական հետապնդումից ցմահ իմունիտետ են երաշխավորում:

«Լրագրողներն առանց սահմանների»-ն Արեւմուտքի քաղաքական գործիչներին կոչ է արել համառել Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային պարտավորությունների կատարման հարցում եւ դա դարձնել գլխավոր պայմանը` Բաքվի հետ համագործակցության մեջ:

«Նման թեմաները, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու մամուլի ազատությունը, չպետք է ենթակա լինեն տնտեսական շահերին: Լրագրողները պետք է հնարավորություն ունենան բացահայտել իշխանության քաղաքականության կապերը PR գրասենյակների եւ լոբբիստների հետ, եւ իրենց աշխատանքում չպետք է տեղի տան քաղաքական ճնշումներին», -նշվում է իրավապաշտպանների կողմից արված հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում