Այս ուսումնական տարում Շիրակի մարզում երկու նոր ավագ դպրոց է բացվել բուհերի հիմքի վրա
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011-2012 ուսումնական տարում Շիրակի մարզում 13 դպրոց գործում է ավագ դպրոցի կարգավիճակով, որից 10-ը Գյումրիում, 1-ն` Ախուրյանում, իսկ 2-ը` Արթիկում: Ավագ դպրոցների համալրումը մարզում սրանով ամբողջովին ավարտված է: Բացի այս ավագ դպրոցներից` այս ուսումնական տարվանից մարզում եւս երկու նոր ավագ դպրոցներ են բացվել բուհերի հիմքի վրա: Դրանք ՀՊՃՀ-ի եւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի հենակենատային ավագ դպրոցներն են:
Ընդհանուր առմամբ մարզում գործում է 170 պետական հանրակրթական դպրոց, որից 154-ը` մարզային, 16-ը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության`վարժարաններ եւ ավագ դպրոցներ: Գործող երկու հատուկ դպրոցներում իրականացվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը, այս ուսումնական տարում, նախնական տվյալներով, մարզում կա շուրջ 3 հազար առաջին դասարանցի: Այդ թիվը կհաստակեցվի մինչեւ սեպտեմբերի 7-ը: