Կառավարությունը սիրիահայերին ազատեց վիզայի և կացության կարգավիճակի ժամկետների երկարաձգման տուրքերից
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող այն սիրիահայերը, որոնց վիզայի կամ կացության կարգավիճակի ժամկետը լրացել է, կազատվեն պետական տուրքից և տուգանքներից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությունն օգոստոսի 30-ի նիստում հավանության արժանացրեց այդ նպատակով ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու հարցը, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը:
«Եթե արտակարգ իրավիճակներ են ստեղծվում, և մեր հայրենակիցները մեղավոր չեն, որ չեն կարողանում ֆորմալ ընթացակարգերը պահպանել, մենք նրանց ազատում ենք տույժերից, տուգանքներից և ստեղծում ենք ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց խնդիրները կարողանան լուծել՝ մնալով հայրենիքում»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ նման որոշման անհրաժետությունն առաջացել է, քանի որ լրացել է Հայաստանում գտնվող բազմաթիվ սիրիահայերի վիզայի կամ կացության կարգավիճակի ժամկետը: Որպեսզի նրանց վիզաները երակարձգվեն՝ յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է վճարել 500 դրամ պետական տուրք, իսկ կացության կարգավիճակ ձեռք բերելու համար՝ 105-140 հազար դրամ: «Հանրապետության նախագահի հանձնարարությամբ խնդիրը քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ: Որոշմամբ առաջարկվում է զիջել այն տուրքը, որը մեր հայրենակիցները պետք է մուծեն վիզան երկարաձգելու կամ կացության կարգավիճակը ստանալու համար»,- ասաց Հակոբյանը:
Որոշումը կվերաբերի ոչ միայն սիրիահայերին, այլև ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց ապրած երկրում արձանագրվող միջադեպերը կարող են սպառնալ վերջիններիս կյանքին կամ առողջությանը:
Սիրիայում քաղաքական լարված իրադրության պատճառով մինչ օրս Հայաստան են ժամանել շուրջ 1900 սիրիահայեր:ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը մինչ այժմ դիմել է սիրիահայ 47 ընտանիք` 91 անդամներով, որոնցից 20 ընտանիք (46 հոգի) ապահովվել է ժամանակավոր կացարանով: