ՀՕՄ-ը հարյուր հազար դոլար կհատկացնի «Սիրիայի հայկական դպրոցների օգնության» հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ օգնության միության (ՀՕՄ) Կենտրոնական գործադիր խորհուրդը հայտարարել է, որ միության համահայկական կառույցների եւ բոլոր միավորումների ներդրման արդյունքում հավաքվել է 100 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը փոխանցվելու է «Սիրիայի հայկական դպրոցների օգնության» հիմնադրամին: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, առաջիկա օրերին  գումարի մի մասը կփոխանցվի Սիրիայի Հայ օգնության խաչին, իսկ մնացած մասը` մի փոքր ուշ:

ՀՕՄ-ի ջանքերի շնորհիվ հավաքված այս գումարի  տնօրինումը կհամակարգի Սիրիայի Հայ օգնության խաչը` խորհրդակցելով  ՀՕՄ-ի Կենտրոնական գործադիր խորհրդի եւ համագործակցելով հայկական երեք հիմնական եկեղեցիների հետ: «Շատ անգամ հարց է ծագել` ինչո՞ւ հենց դպրոցների օգնության հիմնադրամ, եթե դրանց վերաբացումը կասկածի տակ է, եւ երբ սիրիահայ համայնքը  սոցիալ-տնտեսական աջակցության լուրջ կարիք ունի: Սակայն, մենք տեղյակ ենք, որ գործընթացներ են տարվում դպրոցների վերաբացման ուղղությամբ: Մյուս կողմից` դպրոցներին ֆինանսավորելով, ՀՕՄ-ը երկու նպատակ է հետապնդում. նախ թեթեւացնել սիրիահայ ծնողների նյութական բեռը եւ երկրորդ` դպրոցներին ֆինանսապես աջակցել, քանի որ առանց ֆինանսական օժանդակության դրանք լուրջ խնդիրների առաջ կկանգնեն»,-նշել է ՀՕՄ-ի Կենտրոնական գործադիր խորհրդի փոխնախագահ Նաիրի Շահինյանը:

Հաշվի առնելով այն, որ վերջին ժամանակներում համահայկական ջանքեր են ներդրվում օժանդակելու սիրիահայ համայնքին, որի շուրջ համախմբվել են հայկական կրոնական եւ աշխարհիկ շատ  կազմակերպություններ եւ հաստատություններ, ՀՕՄ-ը շարունակելու է իր ջանքերը` ուղղված սիրիահայության օգնությանն ու օժանդակությանը:

Սիրիայում ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ ամիսներ շարունակ ընթացող բախումների հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: 

Հայերեն English Русский