Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն առայժմ 7-րդ տեղում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիստները կտրուկ բարելավել են իրենց դիրքերը Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 2-րդ փուլից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ փուլում 4:0 հաշվով հաղթել է Բանգլադեշի թիմին եւ վաստակելով չորս միավոր` այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը:

4-ական միավոր են վաստակել 33 թիմեր: 1-3-րդ տեղերը զբաղեցնում են Սլովակիայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի թիմերը, 4-րդ տեղում ֆրանսիացիներն են, 5-րդ եւ 6-րդ տեղերը զբաղեցնում են Կուբայի եւ Ուկրաինայի հավաքականները:

Հաջորդ` 3-րդ փուլում, մեր շախմատիստները խաղալու են Իսպանիայի հավաքականի հետ:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են աշխարհի 158 երկրների թիմեր:

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 2-րդ փուլում 3:1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի թիմին եւ այժմ զբաղեցնում Է 24-րդ տեղը:

Կանանց մրցաշարում 1-ին տեղում Է Չինաստանի թիմը, 2-րդ եւ 3-րդ տեղերում Վրաստանի եւ Լեհաստանի թիմերն են: 4-ական միավոր են վաստակել 26 թիմեր: Հաջորդ` 3-րդ փուլում, Հայաստանի շախմատիստուհիները հանդիպելու են Հնդկաստանի թիմի հետ: Կանանց մրցաշարին մասնակցում են աշխարհի 131 թիմեր:

Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը; Թիմի մարզիչն Է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: Թիմի մարզիչն Է գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը:

Հայերեն English Русский