1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Փոլ Ռայանը պաշտոնապես Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի համար քվեարկվելու համաձայնություն Է տվել: Թամպայում (Ֆլորիդայի նահանգ) ընթացող՝ հանրապետականների ազգային համագումարում օգոստոսի 29-ին ունեցած իր ելույթում նա խոստացել Է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հետ հաղթելու դեպքում իրենց թիմը կկարողանա լուծել երկրի տնտեսական հիմնախնդիրները, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ռայանի ճառը, որն ուղիղ եթերով հեռարձակել են Միացյալ Նահանգների բոլոր առաջատար հեռուստաալիքները, նվիրված Էր առաջին հերթին ներքին քաղաքականության հարցերին: Մասնավորապես, թեկնածուն հավաստիացրել Է, որ իրենք Ռոմնիի հետ կստեղծեն աշխատատեղեր եւ օժանդակություն ցույց կտան միջին դասին:
42-ամյա կոնգրեսական Փոլ Ռայանը ծնվել Է Ջեյնսվիլ քաղաքում (Վիսկոնսինի նահանգ): 1998 թվականին նա 28 տարեկան հասակում հաղթել Է Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ դառնալով ամենաերիտասարդ կոնգրեսականներից մեկն ԱՄՆ-ի պատմության մեջ: Այդ ժամանակվանից ի վեր նա առանց խնդիրների վերընտրվել Է եւս վեց անգամ: