Մարզային բուժհաստատությունների խնդիրները Առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում են
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ օգոստոսի 29-ին կայացել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը` մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրել են մարզային ենթակայության բուժհաստատություններում իրավիճակը։ Մանրամասն տեղեկացրել են վճարովի ծառայություններից և համավճարից գոյացող ֆինանսական հոսքերի, ծննդօգնության պետական ծրագրերի գործընթացի, ինչպես նաև առկա խնդիրների մասին։
Նախարար Դումանյանը շեշտել է, որ համակարգում առկա խնդիրները համատեղ ջանքերով պետք է լուծվեն։
«Նախարարությունում հետևողական աշխատանք է տարվում` ողջ համակարգի համար գործունեության հստակ կանոններ սահմանելու և դրանցով առաջնորդվելու գործընթացը մշտական հսկողության տակ պահելու ուղղությամբ։ Արդեն որոշակի քայլեր արվել են, որոնց մասին տեղեկանում եմ նաև մարզեր կատարած այցերի ընթացքում։ Այդ համատեքստում վերջերս հաստատվեցին վիրաբուժական միջամտությունների վճարումների ստորին և վերին շեմերը։ Իմ հրամանով ամրագրվել է նաև իրականացված բժշկական ծառայության դիմաց վճարված գումարից աշխատավարձի ֆոնդին փոխանցվող տոկոսադրույքը։ Նման ևս մի շարք մեխանիզմներով մենք գործունեության հստակ կանոններ ենք սահմանում, և բոլորին պարտավորեցնելու ենք աշխատել օրենսդրական այդ դաշտում»,- ասել է Դերենիկ Դումանյանը։
Նախարարը պատրաստակամություն է հայտնել առողջապահության պատասխանատուների հետ առանձին-առանձին քննարկել իրենց մարզերում ազգաբնակչության թվին համապատասխան, կառավարելի և արդյունավետ աշխատող բուժինմնարկներ ունենալու տեսակետները։ Միաժամանակ հորդորել է առավել ակտիվ գործունեություն ծավալել առկա կառուցվածքային, կադրային և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս նախարարության մասնագետների հետ վերլուծել մարզերում գործող բոլոր բուժհիմնարկների ֆինանսական հոսքերի հաշվետվությունները, մանավանդ, որ որոշ մարզերում վճարովի ծառայությունների անկում է արձանագրվում։
Նախարարը տեղեկացրել է, որ մարզերի ֆինանսավորման բարելավման ուղղությամբ տարվող միջոցառումները շարունակվում են։ Շուտով ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով կտեղայնացվեն։ Դրան զուգահեռ ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։
Նա մարզային առողջապահության պատասխանատուներին հորդորել է արագ արձագանքել ազգաբնակչության դիմում-բողոքներին, ինչպես նաև ոլորտին առնչվող լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։
Ծննդատներում անհարկի վճարովի ծառայությունների բացառման խնդիրը նախարարը նույն խստությամբ դրել է նաև մարզային բուժհիմնարկների առջև։