ՏԻՄ ընտրություններին մոտ 700 դիտորդներ կհետեւեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 9-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետեւել ցանկացող հասարակական կազմակերպությունների թիվն ավելացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՏԻՄ ընտրություններին կհետեւեն «Իրավակիրթ հասարակություն» հասարակական կազմակերպության 86 դիտորդներ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»` 67, «Երիտասարդ դիվանագետների ակումբ»` 56, «Համաչափ զարգացում համայնքային զարգացման»` 58, «Բռունցք»` 57, «Շենացնենք մեր գյուղը»` 65, «Հաղթանակի զավակներ»` 10-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար մինչ այժմ արդեն հավատարմագրված էին դիտորդական առաքելություն իրականացնող տեղական «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հկ-ն` 81, «Ընտրական համակարգեր կենտրոն»-ը` 60, «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ-ն` 93, «Հայաստանի հելսինկյան կոմիտե»-ն` 56 դիտորդով:

ՏԻՄ ընտրություններին գրանցված շուրջ 800 թեկնածուներն իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել օգոստոսի 16-ից 20-ը: ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը ԿԸՀ-ն կատարել է էլեկտրոնային վիճակահանության միջոցով: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 376-ական, «Բարգավաճ Հայաստան»-ը` 264-ական, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը` 66-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 47-ական, «Օրինաց Երկիր» կուսակցությունը` 47-ական, «Ժառանգություն» կուսակցությունը` 47-ական նախագահ եւ քարտուղար: Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է օգոստոսի 15-ին:

Ինքնաբացարկի մասին դիմումները թեկնածուները կարող են ներկայացնել մինչեւ օգոստոսի 30-ը: Նախընտրական քարոզչությունն իրականացվում է օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը: Քվեարկությունը կսկսվի սեպտեմբերի 9-ին` ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 14-ին:

Հայերեն Русский