Սպորտ

Հայ շախմատիստները եւ շախմատիստուհիները հաղթանակով ամփոփեցին նաեւ օլիմպիադայի երկրորդ փուլը

2 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները եւ շախմատիստուհիները հաղթանակով ամփոփեցին նաեւ օլիմպիադայի երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի ազգային հավաքականներն իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում` մրցաշարի երկրորդ փուլում 4:0 եւ 3:1 հաշվով հաղթելով համապատասխանաբար Բանգլադեշի եւ Շվեյցարիայի թիմերին եւ տեղ զբաղեցնելով մրցաշարում երկուական հաղթանակ ունեցող թիմերի ցանկում:

Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը` Հայաստանի տղամարդկանց թիմը 4:0 հաշվով հաղթեց Բանգլադեշի մարզիկներին: Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանից, Վլադիմիր Հակոբյանից եւ Տիգրան Պետրոսյանից հետո չորրորդ հաղթանակը մեր թիմին բերեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` հաղթելով Էմանուլ Հոսեյինին:

Մեր շախմատիստները նախորդ` առաջին փուլում 3:1 հաշվով հաղթել են Բոլիվիայի թիմին:

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը եւս 2-րդ փուլում 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի հավաքականին: Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի եւ Մարիա Կուրսովայի հաղթանակներից հետո անհաջողության մատնվեց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: Դա, սակայն, ընդհանուր արդյունքի վրա այլեւս չանդրադարձավ:

Հիշեցնենք, որ առաջին փուլում մեր շախմատիստուհիները 3:1 հաշվով հաղթել են Հորդանանի թիմին:

ՀՀ տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի կանանց շախմատի հավաքականի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում