Տարածաշրջանային

Ադրբեջանական բանակում վերջին երկու օրերին երկու զինվոր է մահացել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական բանակում վերջին երկու օրերին երկու զինվոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում օգոստոսի 29-ին մահացել է այդ երկրի Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող 18-ամյա Էլշան Նովրուզովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է APA լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորի մահվան պատճառը «սուր էնցեֆալիտը, կայծակնային բնույթի ցերեբրալ (ֆուլմինանտ) կոման, 4-րդ աստիճանի մածուցիկության ախտանիշը, տոքսիկ նեւրիտը, ռեակտիվ պանկրեատիտը, սրտամկանի ինֆեկցիոն-տոքսիկ բորբոքումը, սուր սիրտ-անոթային եւ շնչառական անբավարարությունն» է: Նշվում է, որ Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ զինված ուժերի մասնագետներն «օգտագործել են ժամանակակից ախտորոշման եւ բուժման բոլոր մեթոդները, եւ չնայած դրան, զինվորի կյանքը փրկել չի հաջողվել»: Էլշան Նովրուզովը զինծառայության էր կանչվել Ադրբեջանի Շամխորի շրջանից:

Իսկ օգոստոսի 28-ին ադրբեջանական բանակի Արցախի Հանրապետության հետ սահմանակից Գյորանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկում էր սպանություն տեղի ունեցել: Ծեծկռտուքի ժամանակ զինվոր Սեւմյաթ Սարբալիեւը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր ծառայակից Օրխան Ալըեւին, ինչի արդյունքում վերջինս մահացել էր հիվանդանոցում:

2012 թ-ի ընթացքում ադրբեջանական բանակում արդեն 67 զինծառայողի մահ է գրանցվել, որոնցից 15-ն ինքնասպանություն են գործել, 11-ը սպանվել են իրենց ծառայակիցների կողմից, 8-ը զոհվել են ճանապարհային պատահարներից, 7-ը` հիվանդություններից եւ այլն: Վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում հաճախակի են դարձել զինծառայողների` հիվանդությունից մահանալու, միմյանց վրա կրակելու կամ իրար դանակահարելու մասին լուրերը:

Տարբեր լրատվական միջոցներ պարբերաբար ահազանգում են, որ ադրբեջանական բանակի զինվորները զորամասերում դաժան կտտանքների եւ ծեծի են ենթարկվում, իսկ դրանց արդյունքում զոհված զինվորների ներքին օրգաններն ապօրինաբար հանվում եւ վաճառվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում