Փասադենայի հայ համայնքը մեղադրել է Թուրքիային քաղաքի գործերին միջամտելու համար
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի հայ համայնքը մեղադրել է թուրքական իշխանություններին` Փասադենայի «Հիշատակի այգում» Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրման ծրագիրը խոչընդոտելու մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Pasadena Star-News պարբերականը, տեղի հայերը դատապարտել են թուրքերի միջամտությունը քաղաքի գործունեության եւ քաղաքականության մեջ: «Սա բացարձակ դեմ է մեր քաղաքի արժեքներին, երբ օտար կառավարությունը գալիս եւ միջամտում է, կամ փորձում է ձախողել մեր նախագծերը: Փասադենան Անկարայի արվարձաններից չէ. այն ամերիկյան քաղաք է եւ շուրջ 120 տարի է հայերի տունն է»,-նշել է Փասադենայի Հայկական համայնքի կոլաիցիայի նախագահ Խաչիկ Շահինյանը: Նախկին քաղաքապետ Ուիլիամ Փափարյանը` Փասադենայի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումը համարել է «թուրքական կառավարության կողմից դիվանագիտական ներխուժում»:
Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության` պարբերականին տված հայտարարության մեջ նշվում է.«Մեր գլխավոր հյուպատոսությունը կապվել է Փասադենայի քաղաքային իշխանությունների հետ, որպեսզի փոխանցի, որ 1915 թ. դեպքերը գիտնականների, պատմաբանների, թուրք եւ հայ համայնքների բանավեճի հարցն է: Պարզ է, որ Ցեղասպանության զոհերի հուշարձան կանգնեցնելը, առանց ուշադրություն դարձնելու մյուսների վերաբերմունքին եւ կամքին, ըստ էության, խանգարում է այս խնդրի արդարացի լուծման ջանքերին»:
Պարբերականը նշել է, որ մինչ շատ պատմաբաններ եւ գիտնականներր հաստատում են, որ 1915 թ. 1.5 մլն հայերի սպանդը Ցեղասպանություն էր, ԱՄՆ դաշնակից Թուրքիան շարունակում է հերքել Օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները: Հայոց ցեղասպանության բանաձեւի համահեղինակ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բազմիցս նշել է, որ աշխարհի պատմաբանները ճանաչել են «Հայոց ցեղասպանության պարզ փաստերը»: «Պարզապես ցնցված եմ, որ Թուրքիան փորձում է Փասադենա քաղաքում շարունակել ժխտումների իր քարոզարշավը. նույնը, ինչ փորձել է անել գրեթե մեկ դար շարունակ»,-նշել է կոնգրեսականը:
Լոս Անջելեսում Թուրքիայի փոխհյուպատոս Արիֆ Չելիկը`Փասադենայի «Հիշատակի այգում» Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրումը խոչընդոտելու նպատակով օրեր առաջ հանդիպել էր քաղաքի կառավարման հարցերով տնօրենի հետ: Նա ասել էր, որՀայոց ցեղասպանության զոհերի հուշարձան տեղադրելու ծրագրերը «խորապես վիրավորում է» թուրք ժողովրդին: