Սիրիայի 9 քաղաքացիները չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ. ՀՀ ոստիկանություն
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած եւ«Զվարթնոց» օդանավակայանի «ստերիլ գոտում» հայտնվածՍիրիայի 9 քաղաքացիները չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը` պարզաբանելով սահմանապահների կողմից Թուրքիայից ժամանած ընտանիքին Հայաստան մուտք գործել թույլ չտալու մասին տեղեկությունը: Մամուլում նշվել է, որ Հայաստան եկած երեխաներն ունեն արաբական ազգանուններ. նրանց հայրերը քրիստոնյա արաբներ են:
Ոստիկանությունից մեկնաբանում են, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում:
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:
Հայաստանի Հանրապետություն ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ: