1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նախատեսել է առևանգել երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երկու պատգամավորի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հաղորդում է Haberler.com կայքը:
Պատգամավորներին առևանգելու վերաբերյալ տեղեկությունները հայտնել են թուրքական հետախուզական մարմինները: Այս անգամ քուրդ զինյալների թիրախի տակ են հայտնվել ԱԶԿ փոխնախագահ Հուսեյն Չելիքը և Դիարբեքիրի պատգամավոր Ջումա Իչթենը: Քուրդ զինյալը, ով պետք է գլխավորեր այս գործողությունը, հայտնի է Բահոզ Էրդալ կեղծանվամբ: Էրդողանի կուսակիցներին սպառնացող վտանգի մասին հայտնի դառնալուց հետո` ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ:
Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ ուշադրությունը կրկնապատկվել էր այն դեպքից հետո, երբ օգոստոսի 12-ի երեկոյան քուրդ զինյալներն առևանգել էին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Հուսեին Այգյունին: Թուրք պատգամավորներին առևանգելու մասին լուրը ցնցել էր ամբողջ Թուրքիան: Լուրեր էին շրջանառվում, որ քրդաբնակ շրջաններում քրդական կուսակցությունը նոր հարվածներ է ծրագրել իրագործել: