Հանրապետության դպրոցները պատրաստ են սեպտեմբերի 1-ին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բոլոր դպրոցները լիովին պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ նոր ուսումնական տարին կսկսվի հենց սեպտեմբերի 1-ին, չնայած նրան, որ հանգստյան օր է: Դասերը կսկսվեն առավոտյան 08:30-ին, մեկ դասաժամի տեւողությունը կլինի 45 րոպե: Աշակերտներին դպրոցական համազգեստ կրել չի պարտադրվի: Այս հարցի կարգավորումը դպրոցի հայեցողության տակ է:
Այս տարի եւս մայրաքաղաքի առաջին դասարանցիները քաղաքապետարանի կողմից պայուսակներ կստանան՝ անհրաժեշտ գրենական պիտույքով։ 1-4 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ արդեն 5-րդ դասարանից` գրքերի համար կվճարեն: Արդեն հաստատված վարձավճարների համաձայն` դասագրքերի արժեքը միջինը 200-ից 500 դրամ է, սակայն, օրինակ, Հայոց եկեղեցու պատմության դասագրքի համար աշակերտը կվճարի հարյուր դրամ:
«Արմենպրես»-ն արդեն հաղորդել է, որ այս տարվա ուսումնական ծրագրում ներառվել են երաժշտություն եւ կերպարվեստ առարկաները` նախատեսված 7-րդ դասարանի համար, իսկ 9-րդ դասարանի առարկայացանկից դուրս է մնացել գծագրություն առարկան։
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողություն կիրականացնի մայրաքաղաքի բոլոր դպրոցամերձ փողոցներում:Առավոտյան ժամը 8:15-ից սկսած ոստիկանության աշխատակիցները, առանց հանգստյան օրերի, այդ տարածքներում վերահսկողություն կիրականացնեն: