Հայերն այս տարի նախընտրել են իրենց նորածիններին Նարե եւ Դավիթ կոչել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ծնվել է 7364 աղջիկ եւ 8479 տղա: Աղջիկների շրջանում ամենատարածված անունն այս տարի Նարեն է: Այդ անունով են կոչել 354 աղջկա:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ազգային վիճակագրական ծառայությունից,տղաների շրջանում ամենատարածված անունը Դավիթն է: Այս անունով են անվանել 470 տղայի:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի հայկական անունները նահանջում են` իրենց տեղը զիջելով օտարահունչ անուններին:Ագգագրագետ Նիկոլ Մարգարյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անձնանունների «եվրոպականացումն» ավելի բնորոշ է աղջիկների անուններին:«Հայկական ընտանիքներում ավանդաբար արական անուններն ավելի հաճախ ժառանգվել են, ընտրվել հայրերի կամ էլ ընտանիքի ավագ անդամների կողմից, իսկ իգական անունները միշտ էլ ընտրել են մայրերը, իսկ նրանց ընտրությունը սովորաբար կանգ է առնում ավելի ժամանակակից անունների վրա»,-ասաց նա: Ըստ ազգագրագետի` կանայք իրենց երեխաներին նախընտրում են անվանել ֆիլմերի, ժամանակակից գրքերի հերոսուհիների անուններով:«Տղա երեխայի համար անուն ընտրելու դեպքում պահպանվել է այն ավանդույթը, երբ նորածնին փոխանցում են պապի անունը, իհարկե, եթե այդ անունը քիչ թե շատ ճկուն ու գործածական է»,-նշում է նա:

Մարգարյանի խոսքով` այսօր Հայաստանում անձնանուններ ընտրելիս հաճախ առաջնորդվում են երեխաներին նման անուններով կոչելու սովորույթով:«Գրեթե բոլոր անուններն ունեն իրենց զույգերը: Օրինակ` Արմենի զույգ անունն Արմենուհին է: Այսօր շատերը նախընտրում են երկու երեխա ունենալ եւ երկուսին էլ միմյանց նման անուններով կոչել»,-ասաց նա:Ազգագրագետի կարծիքով` անուններ կան, որոնք արդեն հոգնեցրել են, «օրինակ` Անին, որով կոչեցին շուրջ երկու սերնդի աղջիկների»:

Մարգարյանի խոսքով, անցյալ դարի սկզբներին երեխաներին ավելի շատ կոչում էին Հայկյան զարմի անուններով` Արամ, Գեղամ, այնուհետ ավելի ակտուալ դարձան Տիգրանը, ապա Արշակունյաց ժամանակաշրջանի անունները:«Անկախությանը նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում գնացինք հասանք նույնիսկ ուրարտական շրջան: Անուններ ունենք, որոնք 60-ականներին չես գտնի, օրինակ` Մենուա, Արգիշտի»,-հավելեց նա:

2011 թվականին հանրապետությունում ծնվել է 20287 աղջիկ եւ 23160 տղա:Աղջիկների շրջանում ամենատարածված անունը Մանեն է եղել: Մանե են կոչել 839 նորածնի:Տղաներին, ի տարբերություն այս տարվա, նախորդ տարի ամենից շատ կոչել են Նարեկ անունով` 1194 երեխայի:

2007 թվականին հանրապետությունում ծնված 18707 աղջիկներից 863-ին տվել են Միլենա անունը, իսկ 21435 տղաներից 938 –ին Նարեկ անունը:

2003 թվականին հանրապետությունում լույս աշխարհ եկած 16216 աղջիկ երեխաներից 746-ին նախընտրել են Անի անվանել, իսկ 19277 տղաներից 771-ին` Դավիթ:

Հայերեն English Русский