2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թ-ի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի բանկերի շահույթն առանց հարկեր կատարելու անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 անգամ կրճատվել է` կազմելով 19,11 մլն մանաթ (24,3 մլն դոլար): Ադրբեջանի բանկային համակարգի արդյունարար շահույթը տարվա ընթացքում կրճատվել է 6,8 անգամ` կազմելով 10,25 մլն մանաթ (16 մլն դոլար): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում գործող բանկերի գումարային եկամուտներն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել են 756,69 մլն մանաթ (964 մլն դոլար), ինչը 12,9 տոկոսով մեծ է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Անտոկոս եկամուտները 15,5 տոկոսով աճել են եւ կազմել 163 մլն մանաթ (207 մլն դոլար): Հաշվետու ժամանակաշրջանում բանկերի ծախսերը 14,7 տոկոսով աճել են եւ կազմել 606,41 մլն մանաթ (772,5 մլն դոլար):
Ադրբեջանի կենտրոնական բանկից «Թուրան»-ին հայտնել են, որ առաջին կիսամյակում շահույթով աշխատել են ադրբեջանական 35 բանկեր, որոնց գումարային մաքուր շահույթը կազմել է 109,1 մլն մանաթ (139 մլն դոլար): Վնասաբեր 9 բանկերի կորուստները կազմել են 98,8 մլն մանաթ (125,8 մլն դոլար): 2011 թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ` Ադրբեջանում շահույթով աշխատող բանկերի թիվն աճել է 2-ով: «Վնասով աշխատող բանկերի թիվը կրճատվել է նույն չափով, իսկ նրանց կորուստների ընդհանուր գումարը 9,4 անգամ մեծացել է», -»Թուրան»-ին հայտնել են Ադրբեջանի կենտրոնական բանկից: