Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ նկատվում են միմյանց հասկանալու միտումներ. Մատվիենկո
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ նկատվում են միմյանց հասկանալու միտումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին Trend-ին տված հարցազրույցում նշեց է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Մենք կարծում ենք, որ այն կարող է լուծվել միայն քաղաքական-ժողովրդավարական ճանապարհով: Այլ որոշում չկա... Մենք կարծում ենք, որ պետք է շարունակել բանակցությունները եւ երկխոսությունը, սակայն այս բանակցային գործընթացի մեջ գլխավորը փոխադարձ վստահության միջավայրի ստեղծումն է»,- ասել է Մատվիենկոն:
Նրա խոսքով` երկու երկրների միջեւ վստահություն հաստատելու համար անհրաժեշտ է ակտիվորեն ներգրավել մտավորականներին, մշակույթի գործիչներին: Մատվիենկոն նաեւ կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չափազանց նուրբ հարց է երկու կողմերի համար, սակայն չլուծել այն չի կարելի, քանի որ այն լուրջ ազդեցություն է թողնում տարածաշրջանի անվտանգության վրա:
Խորհրդի նախագահը գտնում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում լավ հայտնի է: «Մենք որպես միջնորդ հանդես ենք գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ...մեր երկրի ներկայիս նախագահը եւ նրա նախորդը բոլոր ջանքերը գործադրել են բանակցային գործընթացի կարգավորման համար...Եւ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Մատվիենկոն: