Աշոտ Գիզիրյանը կարեւորում է Շիրակում օրենքի տառին համապատասխան ընտրությունների անցկացումը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի 113 համայնքում սեպտեմբերի 9-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. դրանցից 100-ում ավագանու, իսկ 86-ում համայնքի ղեկավարի: Շատ համայնքերում պայքարը բավական թեժ է: Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ հասարակության ուշադրությունը ոչ միայն Գյումրի եւ Արթիկ քաղաքների, այլ նաեւ որոշ գյուղական համայնքերի ղեկավարների եւ ավագանու ընտրությունների վրա է սեւեռված: Ընտրական գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ:

-Պրն Գիզիրյան, թեկնածուների առաջադրումների, գրանցումների փուլն ավարտված է եւ օգոստոսի 22-ից արդեն մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն են լինելու մարզում ընտրությունները:

-Կարծում եմ` արտառոց որեւէ դեպք կամ լարվածություն չի լինելու: Մարզում ընտրություններն առանց ցնցումների կանցնեն: Կան որոշ համայնքներ, որտեղ մրցակցությունը թեժ կլինի, բայց լարվածություն չի լինի: Մեզ համար կարեւոր է, որ մարզում արդար, թափանցիկ եւ օրենքի տառին համապատասխան ընտրություններ լինեն:

-Հիմնական պայքարը ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչ-թեկնածուների միջեւ է: Ինչպիսի՞ արդյունքներ եք սպասում:

-Ինձ համար կարեւոր է, որ հաղթանակ տոնեն այն թեկնածուները, ում ընտրելու է ժողովուրդը: Ով արժանի է, թող նա էլ ընտրվի:

-Օգոստոսի 23-ին ՀՀԿ գործադիր մարմինը որոշում ընդունեց Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Դուք, որպես մարզպետ, ինչպես՞ եք վերաբերվում այս որոշմանը:

-Շատ նորմալ: Ես կարծում եմ Սամվել Բալասանյանը լուրջ անձնավորություն է, մի քանի գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Բացի այդ, կարծում եմ վերջինիս նախկին եւ ներկայիս պաշտոններն ավելի բարձր են, քան քաղաքապետինը: Նա չի գալիս անձնական խնդիրներ լուծելու, գալիս է ծանր լուծ վերցնելու: Դրա համար ողջունում եմ ՀՀԿ-ի այս քայլը:

-Ձեր կարծիքով Բալասանյանի ընտրվելու դեպքում ԲՀԿ-ն իր դիրքերը չի՞ ամրապնդի Գյումրիում:

-Չեմ կարծում, որ որեւէ վտանգ կա ՀՀԿ դիրքերի թուլացման առումով: Շիրակի մարզում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բավական ամուր դիրքեր ունի: ՀՀԿ մարզային կառույցը կարողանում է իր առջեւ դրված խնդիրները լուծել, բացի այդ, քաղաքական ուժի մարզային կառույցը թարմացվել է եւ աշխատում է նոր եռանդով:

-Մարզի շատ համայնքներում են սեպտեմբերի 9-ին կայանալու ընտրություներ, բայց հասարկության հիմնական ուշադրությունը Գյումրին է: Շատերը լարված ընտրություններ են կանխատեսում:

-Ինչպես գիտեք, ոստիկանական աշխատանքային խմբեր են ստեղծվել հասարակական կարգը պահպանելու համար: Մարզային իշխանությունները եւս իրենց տեղում են եւ թույլ չեն տա որեւէ լարվածություն: Ես, որպես մարզպետ, եւս թույլ չեմ տա, որ որեւէ խնդիր լինի: Գյումրիում ընտրություններն անցնելու են հանգիստ մթնոլորտում՝ դա նախ շատ կարեւոր է գյումրեցիների, շիրակցիների, ապա նաեւ ողջ հանրապետության համար:

-Մարզի շատ գյուղական համայնքներում առաջադրվել են հիմնականում գործող գյուղապետերը: Նրանցից շատերն արդեն առաջադրվում են չորրորդ եւ հինգերորդ անգամ: Ինչպես՞ եք գնահատում այս երեւույթը:

-Եթե օրենքը դա որեւէ կերպ չի արգելում, ես դեմ չեմ: Բացի այդ, եթե համայնքի ղեկավարն այդ ընթացքում աշխատել է, համայնքում առաջընթաց կա, եւ ժողովուրդն ընդունում է նրան, թող ընտրվի նաեւ հինգերորդ անգամ: Դրանից միայն կշահի համայնքը:

-Մամուլում այս օրերին եղան հրապարակումներ, համաձայն որոնց` իբր ինքներդ եք մասնակցել ընտրական գործընթացներին: Այսպես ասած՝ «սցենարն ինքներդ եք մշակել»:

-Նման տեղեկատվություն տարածողները, բնականաբար, անիրազեկ են իրավիճակին: Դա իրականությանը չի համապատասխանում: Ի՞նչ սցենարի մասին է խոսքը, եթե կա օրենքով սահմանված կարգով ընթացող գործընթաց:

Հարցազրույցը՝ Արմենուհի Մխոյանի

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA