Հրդեհների հիմնական տոկոսը մարդկանց անզգուշության պատճառով է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում2011 թվականին այրվել է 472հա անտառային տարածք,2010 թվականին` 810 հա, իսկ 2012 թվականի ութ ամիսների ընթացքում` 188 հա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը` վկայակոչելով վիճակագրական տվյալները` նշեց, որանտառային հրդեհների 99 տոկոսը կապված է համայնքներում խոտը այրելու հետ:«Հայաստանի Հանրապետության անտառային տարածքներում հրդեհների դեմ պայքարի մի շարք միջոցառումներ են իրականացվում: 19 անտառատնտեսություններից երկուսն արդեն հագեցված են արագ արձագանքման գործիքներով: Հիմա աշխատանքներ են իրականացվում մյուս տարածքները եւս նման գործիքներով հագեցնելու»,-ասաց նա:Գլխավոր անտառապետի խոսքով, բնակչության իրազեկումը մնում է ոլորտի թույլ կողմերից մեկը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով` անտառային հրդեհներն ահռելի վնաս են պատճառում եւ ֆլորային, եւ ֆաունային, եւ բնակավայրերին, հետեւաբար` դրանց կանխարգելումը մեծ նշանակություն ունի:«Աշխարհում տարեկան անտառային տարածքներում 200 հազարից ավելի հրդեհներ են տեղի ունենում: Նախարարության կողմից յուրաքանչյուր տարի Հայաստանի անտառաշատ վայրերում իրականացվում են ուսումնավարժանքներ` անտառային հրդեհներին դիմակայելու ուղղությամբ»,-ասաց նա:
Անդրադառնալով խոտածածկ տարածքներում անտառային հրդեհներին` Հայրապետյանը նշեց, որ այդ տարածքներում հրդեհները հաճախանում են ամռան շրջանում` պայմանավորված եղանակով:«Երեւանում այս տարի զգալիորեն նվազել են խոտածածկ տարածքներում հրդեհների քանակը, քանի որ այս տարի դրանք պարբերաբար ջրվել են»,-ասաց նա: Հայրապետյանը նշեց, որ հրդեհների 92-93 տոկոսը մարդկանց անզգուշության հետեւանքով է:
Հայաստանի Հանրապետության անտառային ծածկույթը` 332 հազար 333 հա է: