Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մահացել են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 24-ի գիշերը Ռանչպար-Մասիս ճանապարհին` Նորամարգ գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ջրատարը:
«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ պատահարի հետեւանքով վարորդը` 1989 թ. ծնված Լեւոն Խաչատրյանն ու ուղեւորը՝ 1977 թ. ծնված Արտաշ Ավետիսյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 24-ին` ժամը 15:55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Արկադիկ Բ.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նախորդ օրը՝ Վարդենիս քաղաքում անհայտ ավտոմեքենայի կողմից իր ձիասայլակին հարվածելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 1970 թ. ծնված Գեղամ Փ.-ն «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել է Արկադիկ Բ.-ի ձիասայլակին, ինչի հետեւանքով ստացել է վնասվածքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գեղամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է քննություն: