Տարածաշրջանային

Սասունի հայերի միության նախագահը դատական գործ կհարուցի հայկական եկեղեցին ավերողների դեմ

2 րոպեի ընթերցում

Սասունի հայերի միության նախագահը դատական գործ կհարուցի հայկական եկեղեցին ավերողների դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, որ դատական գործ է հարուցելու Սասունի հանրապետական դատախազությունում` Մարութա (Մարաթուկ) լեռան գագաթին գտնվող Բարձր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ավերողների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Haberler.com կայքը:

Դաղջըն իր դժգոհությունն է հայտնել անհայտ անձանց կողմից հայկական եկեղեցու տանիքն ավերելու առնչությամբ: Նա պատմել է, թե ինչպես 2012 թվականի հուլիսի 29-ին եկեղեցու սուրբ օրվա առթիվ Ստամբուլից և այլ վայրերից ժամանած հայկական համայնքի ներկայացուցիչները զոհաբերություն են արել և նշել են եկեղեցու տոնը, կատարել են կրոնական ծիսակատարություններ: Այնուհետ, ըստ միության նախագահի, որոշ ժամանակ անց Մարութա լեռան և շրջակայքի հովիվներից լուր են ստացել, թե եկեղեցու տանիքը լիովին ավերվել է: «Չեմ հասկանում, թե նրանք ի՞նչ են ուզել մեր եկեղեցու տանիքից: Որոշ մարդիկ դա արել են զուտ նրա համար, որ հայկական համայնքն այլևս կրոնական արարողություններ չանի այնտեղ»,-իր խոսքում նշել է Դաղջըն: Նա հայտնել է նաև, որ իրենք համեմատել են եկեղեցու համեմատաբար հին նկարները և համոզվել, որ նախկինում տանիքը կանգուն է եղել:

«Մենք պահանջում ենք, որպեսզի Սասունի հանրապետական դատախազությունն ուսումնասիրի գլխավոր դամբարանի ծածկը և եկեղեցու բոլոր ավերված հատվածները»,- հայտարարել է Սասունի հայերի միության նախագահը` պահանջելով նաև ուսումնասիրել 2012 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 21–ը կատարած այն տեսագրությունները, որոնք անվտանգության նկատառումներով արվել են Մարութա լեռան վրա:

Ինչպես հաղորդել էր«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Մարութայի մերձակայքի բնակիչներիհաղորդած տեղեկությունների համաձայն` ութ հանցագործներ բահերով բարձրացել են եկեղեցու տարածք և ավելի են քանդել կիսավեր եկեղեցին: Կառույցին լուրջ վնասներ պատճառելուց հետո հանցագործները դիմել են փախուստի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում