Տնտեսություն

Կենսաթոշակային համակարգում բացառվելու է սուբյեկտիվ միջամտությունը

3 րոպեի ընթերցում

Կենսաթոշակային համակարգում բացառվելու է սուբյեկտիվ միջամտությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կենսաթոշակային համակարգում այլևս բացառվելու է սուբյեկտիվ միջմատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում գործադիրը հաստատեց Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հավաստիացրեց, որ շտեմարանի տեղեկատվական բազայի հետ կապված բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել են, քննարկվել ու արձանագրվել:

«Արձանագրված բոլոր խնդիրներն իրենց լուծումներն են ստանում: Այլևս բացառվում է կենսաթոշակային գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը, քանի որ տեղեկատվական համակարգն ինքնաշխատ կերպով է գործելու, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը»,- ասաց Ասատրյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ ձևավորելով այս շտեմարանը՝ կենսաթոշակային ոլորտում հաջողվել է լուծել խնդիրը, հաջորդ կարևորագույն հարցը սոցիալական նպաստների համակարգինն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները ներկայում ընթացքի մեջ են:

«Մենք անցնում ենք ինտերգրված սոցիալական ծառայությունների համակարգին՝ այդ գործընթացն իր շարունակությունն է ունենալու նպաստների ու մյուս բոլոր սոցիալական ծառայությունների ուղղությամբ: Այսինքն, բոլոր սոցիալական ծառայությունները դիտարկվելու են մեկ շտեմարանի ներքո`ծնվելով մեկ աղբյուրից, որից հետո էլ կայացվելու են համապատասխան որոշումներ: Դա առաջիկա ժամանակահատվածի մեր հիմնական խնդիրն է»,- ընդգծեց Ասատրյանը՝ ավելացնելով, որ այդ աշխատանքները կավարտվեն 2013 թվականին:

Այնուհետև Տիգրան Սարգսյանն անդրադարձավ հաշմանդամության կարգը շնորհելու խնդրին՝ ընդգծելով, որ այստեղ ևս պետք է ներդրվի միասնական տեղեկատվական բազա: «Այս խնդրին պետք է անդրադառնալ հնարավորին չափ շուտ, որովհետև բողոքներն այստեղից շատ են»,- նկատեց ՀՀ վարչապետը:

Ի պատասխան Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ 2011-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել է հաշմանդամության կարգ շնորհելու նոր մոդելին անցնելու հայեցակարգը, մանրամասն միջոցառումների ժամանակացույցը: Դրանով նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում սկզբունքորեն անցնել նոր մոդելի, որտեղ գործընթացները կլինեն ավելի թափանցիկ և առարկայական: Որպես օրինակ ընդունվել է Լիտվայի մոդելը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ սա ևս 2013 թվականի իրենց հիմնական առաջնահերթությունների մեջ է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում