2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական համայնքի առաջին հանդիպումը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ տեղի կունենա աշնան սկզբին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հասարակական կազմակերպությունների եւ մամլո ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը` հավելելով, որ հնարավոր չէ, որ հանդիպումը չկայանա:
«Եվրոպայում արձակուրդային շրջանը սկսվում է օգոստոսից, եւ մենք փորձեր էինք անում գոնե մինչեւ հուլիսի 31-ը կազմակերպել հանդիպումը, սակայն չստացվեց: Պատճառներից մեկը նաեւ Օլանդի զբաղվածությունն էր»,-ընդգծեց Դեմիրճյանը: Նրա հավաստիացնում է, որ արձակուրդներից հետո հայ համայնքն անպայմանորեն հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Նույն մակարդակի հանդիպում է լինելու, ինչպիսին նախանշված է ԱՄՆ-ի հայկական գաղութի եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը:
«Օլանդի հետ հանդիպմանը քննարկվելու է միայն մեկ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերամշակման հարցը:Նախագահը արդեն վերահաստատել է նախընտրական շրջանում տված իր խոստումը»,-հիշեցնում է Դեմիրճյանը: Նրա խոսքով` օրինագծի ընթացակարգը նույնն է լինելու` քննարկում Ազգային ժողովում, ապա` Սենատում, որից հետո նախագահը պետք է վավերացնի այն` առանց սպասելու, որ բողոքարկվի եւ ուղարկվի Սահմանադրական խորհուրդ:
Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը 2011թ-ի դեկտեմբերի 22-ին ընդունվել էր երկրի Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ: 2012թ-ի հունվարի 23-ին օրինագիծը հաստատեց Ֆրանսիայի Սենատը: Այնուհանդերձ,Ֆրանսիայի Սահմանդարական խորհուրդը փետրվարի 28-ինհակասահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի և Սենատի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվեր մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք: