2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում օգոստոսի 21-ին Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահագործման է հանձնվել 40 բնակելի տուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից` այս մասին Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին զեկուցել է կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Միքայելյանը:
Այս խորհրդակցությունը հրավիրվել էր նախարար Թադևոսյանի հանձնարարականով` օգոստոսի 18-ին կայացած բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, երբ Լոռու մարզի գյուղական համայնքների որոշ ղեկավարներ խնդիրներ էին բարձրացրել շինարարության ընթացքի հետ կապված:
Խորհրդակցությանը, որին մասնակցել են քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարությունը և 24 գյուղական համայնքների ղեկավարներ, համայնք առ համայնք ներկայացվել է շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված և առաջիկայում կառուցվելիք բնակելի տների շինարարության ընթացքի փաստաթղթային փաթեթներին առնչվող խնդիրները: Քաղաքաշինության նախարարը ծրագրի հետագա ընթացքը և ավարտը ժամկետում իրականացնելու նպատակով հանձնարարել է կազմել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն քաղաքաշինական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի, գյուղական համայնքների և կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, որոնք տասնօրյա կտրվածքով կզեկուցեն շինարարական ընթացքի մասին:
Նշված ծրագրի մեկնարկից սկսած (2009թ)` Լոռու մարզի 24 գյուղական համայնքներում այս ծրագրի շահառու է ճանաչվել 980 ընտանիք, որոնցից 552 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում է շուրջ 380 տուն, որոնցից մոտ 170-ը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին: