Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի` երկրի փոխնախագահ նշանակվելու լուրը կեղծ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Տեղեկատվության նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Սիրիայի Արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը նշանակվել է երկրի փոխնախագահ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Շարաա Ֆարուկի փոխարեն Ուալիդ ալ Մուալլեմի փոխնախագահ նշանակվելու լուրը կեղծ է:
Որոշ լրատվամիջոցներ տարածել են, իբր Ուալիդ ալ Մուալլեմն այս մասին գրել է Twitter-ի իր էջում: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սակայն, տեղեկացրել է, որ ալ Մուլլեմը Twitter-ում էջ պարզապես չունի:
Ավելի վաղ կեղծ տեղեկություններ էին տարածվել, թե Սիրիայի փոխնախագահ Ֆարուկ Շարաան հեռացել է իշխանությունից, մեկնել Հորդանան եւ միացել Սիրիայի ընդդիմությանը:
Սիրիայում ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ Հալեպում, Դամասկոսի արվարձաններում, Համայում եւ Հոմսում, որտեղ տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալները նոր մեծ կորուստներ են կրել, նաեւ կանխվել է Լիբանանի տարածքից մի քանի զինված խմբավորումների մերխուժումը Սիրիա: