2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի թալիշներով բնակեցված հարավային շրջաններում արդեն մի քանի օր է, ինչ անհայտ անձիք Լերիքի, Լենքորանի, Աստարայի, Մասալլըի եւ այլ շրջաններում բնակվող թալիշ էթնիկ խմբին պատկանող անձանց տների պատերին աստղի եւ կիսալուսնի պատկերով նշաններ են անում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «veteninfo.az» լրատվական կայքը` նշելով, որ դեռեւս հայտնի չէ այդ նշաններն արվելու նպատակը:
Կայքը հայտնել է, որ վերջին օրերին իրանական կողմն Ադրբեջանի հարավային տարածաշրջանում, իբր, լայնամասշտաբ քարոզչություն է սկսել եւ աշխատում է էթնիկ դիմակայություն ստեղծել: Նշվում է, որ այդ նպատակով հանդիպումներ են անցկացվել ներկայում Նիդեռլանդներում բնակվող ադրբեջանաբնակ թալիշցիների առաջնորդ Ալիքրամ Հումբաթովի հետ:
Ենթադրվում է, որ թալիշցիների տների վրա այդ նշաններն արվում են ազգայնական ադրբեջանցի թուրքերին` թալիշների տների տեղը հայտնելու նպատակով:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության բաժնի պետ Օրխան Մանսուրզադեն հերքել է այդ մասին մամուլում տարածված լուրերը` նշելով, որ, իբր, «դրանք ինչ որ երեխայի կողմից ընդամենը մի քանի տների պատերին արված պատկերներ են եւ զանգվածային բնույթ չեն կրում»: