Հայ-ռումինական հարաբերությունները զարգանում են նաեւ ֆիլատելիայի ոլորտում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական վանք. Հաճկատար 500 ամյակ» Հայփոստի եւ Ռումինիայի փոստի համատեղ թողարմական նամականիշի մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամականիշերի վրա պատկերված է Հաճկատար հայկական վանքը, որը գտնվում է Ռումինիայի Սուչավա նահանգից ոչ հեռու` Բուլաի բլրի գագաթին: «Հայփոստ» ՓԲԸ-ի միջազգային հարաբերությունների եւ ֆիլատելիայի վարչության պետ Աննա Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ վանքը կառուցվել է հայազգի գործարարներ Դոնավագ եղբայրների կողմից:
«Ամեն օր մեծ թվով ուխտավորներ են այցելում այդ վանքը, որը նվիրված է Տիրամորը, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի «Հայփոստ»-ի կողմից նամականիշը շրջանառության մեջ դրվի Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող օրը: Այս նամականիշի միջոցով մենք եւս մեկ անգամ հիշեցնում ենք մեր մշակութային ժառանգության մասին»,-ասաց Ղուկասյանը: Նրա փոխանցմամբ` օգոստոսի 14-ին Ն.Ս.O.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությամբ տեղի կունենա ռումինական նամականիշի պաշտոնական ներկայացման արարողությունը Բուխարեստում:
Նամականիշերի հեղինակներն են Միխայ Վամասեսկուն եւ Վահագն Մկրտչյանը: 380 դրամ անվանագին ունեցող այս նամականիշերը տպվել են Ֆրանսիայի Կարտոր տպարանում: