ԼՂ նախագահական ընտրությունը հետխորհրդային տարածքում ամենամրցակցայիններից մեկն էր. «National Interest»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններն արժանի են լուրջ ուշադրության միջազգային հանրության շրջանակներում. դա հետխորհրդային տարածքում ամենամրցակցային ընտրություններից մեկն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ամերիկյան «National Interest» պարբերականի փորձագետ Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքով` ԼՂ նախագահի ընտրությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ամենից մրցակցային ընտրություններն անցկացվում են չճանաչված հանրապետություններում: Ֆենոմենի պատճառը փորձագետը համարում է այն, որ չճանաչված հանրապետությունների պետական ինստիտուտները թույլ են, իսկ հասարակություններն էլ ավելի վստահ իրենց ուժերի վրա:
Դե Վաալը հատկապես բարձր է գնահատում արցախյան նախագահական ընտրություններում ընդդիմադիր ներկայացուցչի մասնակցության արդյունքները` նկատի առնելով այն, որ Վիտալի Բալասանյանն առանց որեւէ քաղաքական կառույցի օժանդակության կարողացել է հավաքել քվեների 32 տոկոսը:
Հոդվածագիրն ընդգծում է, որ հետխորհրդային երկրների մեծ մասում ընդդիմադիր թեկնածուները դժվարությամբ են կարողացել հաղթահարել այդ ցուցանիշը: Նա օրինակ է բերել 2008 թ-ին Հայաստանի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած 21% ձայների թիվը: