Հայոց եկեղեցին աջակցում է արտասահմանում գտնվող հայերին հեռու մնալ անօրինականությունից. Մայր Աթոռ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել էլրատվական կայքում հրապարակված մի խումբ անանուն ՀՀ քաղաքացիների «Եկեղեցին մատնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին» հոդվածին:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից«Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրույա մեջ նշվում է, որՀայաստանյայց Առաքելական եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգընթաց պատմական հանգամանքների բերումով դարեր շարունակ, իսկ այսօր առավելաբար արտերկրում, կատարում է նաև հայապահպան առաքելություն` հետամուտ լինելով հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հոգևոր-ազգային կյանքի լավագույնս կազմակերպման: Այդ առումով աշխարհի տարբեր երկրներում հայի համար Հայոց Եկեղեցին է նկատվել այն վստահելի կառույցը և հաստատությունը, որի զորակցությանն է ապավինել օտար ափերում կամա թե ակամա հանգրվանած հայը: Հայրենիքի անկախացման շրջանում և հետագա տարիների սոցիալական-տնտեսական դժվարին պայմանների բերումով Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված ՀՀ քաղաքացիների զանազան խնդիրներ, այդ թվում` փաստաթղթային, նաև կարգավորվել ու կարգավորվում են Հայոց եկեղեցու թեմերի միջոցով:
«Ռիսկային պայմաններում հայտնված փաստաթղթային խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին օգտակարություն բերելու և ՀՀ կառավարության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության ճշգրիտ սահմանման նպատակով ՀՀ կառավարության համապատասխան կառույցը դիմել է Մայր Աթոռին` նկատի ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու փորձառությունը նման հարցերում: Սփյուռքում առկա այս խնդիրների իրական պատկերը ներկայացնելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանձնառու եղավ զորակցելու հայրենի պետությանը` այս ուղղությամբ լուծումներ փնտրելու և խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու: Հարկ է ընդգծել, որ խոսքը վերաբերում է անձը և ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներին և ոչ թե նրանց անձնական տվյալներին: Հայոց Եկեղեցու նպատակն է միմիայն աջակցել տարբեր երկրներում կայք հաստատած հայորդիներին` հեռու մնալու անօրինականությունից և ապրելու լիարժեք և արժանապատիվ կյանքով:
Այս ամենի լույսի ներքո անընկալելի է ՀՀ քաղաքացիների անունից շարադրված հոդվածը, որ, ի դիմաց մեր ժողովրդին ցուցաբերվող օգտակար ծառայության, լի է անընդունելի որակումներով հայոց պետության և Հայոց Եկեղեցու հանդեպ: Ցավալի է, որ եկեղեցու և եկեղեցականության պատրաստակամությունը և քայլերն այս ուղղությամբ նման չարամիտ մեկնաբանություններ են ստացել, իսկ մի խումբ «մտահոգ ու փրկիչ» հայորդիներ իրենց իրավունք են վերապահում փորձելու սասանել Հայոց եկեղեցու հեղինակությունը, խաթարելու հայ հոգևորականի կերպարը` եկեղեցու պետից մինչև ծխական քահանա` անվստահություն սերմանելով Եկեղեցի-հասարակություն հարաբերություններում»: